Մեկնարկում են հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները

16:36 • 24.08.10

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևանում կկազմակերպվեն ու կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ: Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կազմվել է ժամանակացույց, համաձայն որի` Արմեն Աշոտյանը օգոստոսի 25-ին կմասնակցի Գեղարքունիքի, օգոստոսի 26-ին` Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին` Երևանում կազմակերպվելիք խորհրդակցություններին: ՀՀ մարզեր կգործուղվեն ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը և ԿԳ նախարարության պտասխանատուները:

Համաձայն հրամանի` ՀՀ բոլոր մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ: