Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ուսումնասիրել է ութ բուհերի գործունեությունը, բայց արդյունքները չի հրապարակում
Մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման՝ հավատարմագրման նոր մոտեցումները և մեխանիզմները փորձարկելու նպատակով ապրիլ–հուլիս ամիսներին 8 հաստատությունների մասնկացությամբ իրականացվել է առաջին փորձնական ծրագիրը։ Այն իրականացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Ինչպես այսօր ասուլիսին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ բուհերի մոտեցումների և մեխանիզմների կիրառելիությունը դիտարկվել է «Մանկավարժության մեթոդիկա» և «Հայոց լեզու» մասնագիտությունների շրջանակում։
«Որակի ապահովումը պետք է լինի կառավարելի», – խոսելով կենտրոնի բանաձևի մասին ասաց Թոփչյանը՝ նշելով, որ ուսումնական հաստատությունները պետք է պլանավորեն իրենց գործունեությունը, հետո իրականացնեն այն։
Լրագրողները խնդրեցին տնօրենին ներկայացնել 8 բուհերում իրականացված փորձարկման արդյունքները։ Սակայն Թոփչյանն ասաց, որ բուհերի և կենտրոնի միջև կա պայմանավորվածություն` չհրապարակել այդ տեղեկությունը։
«Կարող եմ ասել, որ որակի կառավարման ցիկլը իրականացվում է մասամբ», – պարզաբանեց նա՝ նշելով, որ ծրագրին մասնակցած բուհերից մի քանիսն արդեն քայլեր են նախաձեռնել, իսկ արդյունքները կերևան սեպտեմբերին։
Միաժամանակ, Թոփչյանը հավելեց, որ այդ հաշվետվությունը կներկայացվի բուհերի հավատարմագրման գործընթացի ժամանակ։ «Հասարակությունը պետք է իմանա իրականությունը, և մեր գործառույթներից մեկն է այն ներկայացնելը», – ասաց նա։
Տնօրենն ասաց, որ կենտրոնը ստանում է բողոքներ անմիջապես ուսանողներից։ «Ուսանողները պետք է պահանջեն կրթական գործընթացի որակի ապահովումը», – ասաց նա։










