Մահացել է աշխարհի ամենահայտնի դիետոլոգներից մեկը

17:43 • 26.08.10

Ֆրանսիական Անմաս քաղաքում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող 66–ամյա դիետոլոգ Միշել Մոնտինյակը։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։

Դիետոլոգը մահացել է կիրակի, մահվան պատճառը հայտնի չէ։ Մոնտինյակը մանկության տարիների տառապել է ավելորդ քաշից, ինչպես իր հայրը։ Ստանալով բարձրագույն կրթություն քաղաքագիտություն մասնագիտությամբ՝ նա ավելի ուշ որոշել է կտրուկ փոխել իր գործունեության ոլորտը՝ զբաղվելով դեղագործությամբ։

Նիհարելու մասին գիտության նորանոր կողմեր բացահայտելով՝ Մոնտինյակը փորձել է նախևառաջ ձերբազատվել իր ավելորդ քաշից, ինչի արդյունքում 70–ականներին նա բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելուց հետո ստեղծել է նիհարելու մեթոդ՝ հիմնված սննդի մեկանգամյա ընդունման ընթացքում ածխաջրերի և լիպիդների սահմանափակ քանակությամբ ընդունման սկզբունքի վրա։ Այդ մեթոդը նախ փորձարկելով իր վրա՝ դիետոլոգը մի քանի ամսում 15 կգ–ով նիհարել է։

Նշենք, որ հայտնի դիետոլոգի կյանքի օրոք ընդհանուր առմամբ նիհարելու և առողջության մասին 20 գիրք է հրատարակվել, որոնց մի մասը դարձել են շատ մարդկանց ամենօրյա սեղանի գիրքը։