Գործազուրկների թիվը նվազել է, աշխատանքի տեղավորվածներինը՝ ավելացել
Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսով և կազմել 7.0 տոկոս։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը՝ նշելով, որ գործազրկության մակարդակը միջինից բարձր է Լոռում՝ 11.1 տոկոս, Սյունիքում՝ 10.1 տոկոս, Շիրակում՝ 9.6 տոկոս, Կոտայքում՝ 9.3 տոկոս, Տավուշում՝ 8.7 տոկոս, Երևանում՝ 8.1 տոկոս։ Ըստ նրա՝ գործազրկության թվի նվազումը Հայաստանի տնտեսության աշխուժացման, ինչպես նաև զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի իրականացման արդյունք է։
Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 100.4 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.6 տոկոսով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.7 տոկոսը կամ 89.96 հազար։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 0.6 տոկոսով։
Սոնա Հարությունյանի խոսքով՝ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը. գործազուրկների 70 տոկոսը կանայք են։ Գործազուրկների 18.4 տոկոսը երիտասարդներ են։ Դժվարանում են աշխատանք գտնել հատկապես մեծահասակները, քանի որ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին և արտադրությանը։
Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.9, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 9.1 տոկոսով՝ կազմելով 24 071։
Տարեսկզբից գործակալության միջոցով աշխատանքի է ընդունվել 6759 մարդ։ Աշխատանքի տեղավորվածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 33,9 տոկոսով։
Հանրապետության մարզերն այսօր հատկապես ունեն բժիշկների, մանկավարժների, հաշվապահների պահանջարկ։ Ընդհանրապես գործատուների մոտ կան երկրաբանների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, հյուրանոցային մենեջերների, վարսահարդարների, փականագործների, էլեկտրիկների և այլ մասնագետների կարիք։
Հարությունյանը չժխտեց, որ իր ղեկավարած գործակալության տվյալները չեն արտացոլում հանրապետությունում գործազրկության իրական պատկերը։ Ըստ նրա՝ 2006թ. Համաշխարհային բանկի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում գործազուրկ է աշխատունակ տարիքի բնակչության 26.6 տոկոսը։ Իսկ 2009թ. պետական միջոցներով կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ գործազրկության մակարդակը 27.5 տոկոս է։ Հարությունյանը նշեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից սա իրական գործազրկության մակարդակ է համարվում։
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կիրականացվի ոլորտային հետազոտություն, ինչը թույլ կտա պարզել, թե որ ոլորտում զբաղվածության առումով ինչ իրավիճակ է։










