Որո՞նք են ԱՊՀ 10 ամենաժամանակակից շինությունները
Ուկրաինական Korrespondent հանդեսը կազմել է նախկին ԽՍՀՄ երկրներում վերջին տարիներին կառուցված ամենաժամանակակից տասը շենքերի վարկանշային աղյուսակը, որոնք կառուցվել են ճարտարապետական հրաշալի լուծումներով։
Այսպիսով, ԱՊՀ երկրներում ճարտարապետական հրաշք համարվող շինությունների թվով առաջատար է Ղազախստանը։ Աստանայում գտնվող շինություններից «թոփ թենում» հայտնվել են երեքը՝ Խան Շատիրը (150 մ բարձրություն և 120,000 ք/մ տարածք), «Խաղաղության և համաձայնության» պալատը և «Տրանսպորտ Թաուեր» աշտարակը, որը Ղազախստանում ամենաբարձրերից է։
Հաջորդ տեղում է Ռուսաստանը։ Այս երկրից ցանկում է ընդգրկվել Կարմիր բլուրներում գտնվող 34 հարկանի Swissotel հյուրանոցը և «Մոսկվա սիթի» միջազգային բիզնես կենտրոնը, որը, ի դեպ, այս տարի պետք է շահագործման հանձնվի։
Ցանկում իրենց պատվավոր տեղերն են զբաղեցրել նաև Մինսկի Ազգային գրադարանի շենքը, Hansabank Saules akmes–ի գլխավոր մասնաշենքը Ռիգայում, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ շենքը, որի ապակյա պատերը երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մի առիթով համեմատել է «վրացական իրավական համակարգի թափանցիկության հետ»։
«Թոփ թենում» են նաև Ուզբեկստանի Հանրապետության բանկերի ասոցիացիայի շենքը և Կիևում գտնվող «Առագաստ» բիզնես կենտրոնը։
Հայաստանում հիշատակման արժանի ժամանակակից ու ճարտարապետական հրաշալի լուծումներով շենքեր, ըստ պարբերականի փորձագետների, չկան։










