Google-ը ձեռնոց է նետում Skype-ին. Gmail-ից շուտով հնարավոր կլինի զանգահարել

10:06 • 28.08.10

Google ընկերությունն սկսել է փորձարկել VoIP (Voice over Internet Protocol) հեռախոսային կապի նոր գործառույթները, որի օգնությամբ կարելի է զանգեր կատարել ամրակցված և բջջային հեռախոսահամարներին անմիջապես Gmail փոստային ծառայության սեփական էջից: Այս մասին օրերս գրել էին արտասահմանյան մի շարք պարբերականներ:

Փորձագետների կանխատեսմամբ` Google-ի նորամուծությունը կարող է լուրջ անհանգստություններ պատճառել ինչպես IP հեռախոսային կապի ոլորտում մասնագիտացված ծրագրեր արտադրողներին (այդ թվում` մեծ հռչակ վայելող Skype-ին), այնպես էլ բջջային օպերատորներին:

Ըստ ամերիկյան PC Magazine-ի` Google Voice-ի ինտեգրումը Gmail-ին արդեն փորձարկվում է ԱՄՆ-ում և Կանադայում: Շուտով փորձաշրջանը կավարտվի: Հետագայում հեռախոսային կապի գործառույթները կհարմարացվեն յուրաքանչյուր երկրին: Հիշեցնենք, որ 2008թ. Google-ն ընդլայնեց իր փոստի ծառայությունները` դրանց հավելելով Google-չաթ ծառայությունը: Այդուհետ ավելացվել են ձայնային և տեսաչաթի հնարավորություններ:

2009թ. հունիսին ընկերությունը սկսեց ներկայացնել Google Voice ծառայությունը (անվճար ծառայություն, որն օգտագործում է ձայնի հաղորդումը` ըստ VoIP-ի), որը թույլ էր տալիս մեկ համարի ներքո միավորել օգտագործողի բոլոր հեռախոսները: Այս ծառայության միջոցով կարելի է փոխանակել տեքստային հաղորդագրություններ: Սակայն Google Voice-ը դեռ ԱՄՆ-ի բնակիչներին է մատչելի: Մյուս կողմից` ընկերությունը հաստատում է, որ Gmail-ն իր բազմաթիվ հնարավորություններով հանդերձ հասանելի է «միլիոնավոր օգտագործողների»:

Նշենք, որ Skype-ը պաշտոնապես դեռ չի արձագանքել Google-ի կողմից առաջարկվող մրցակցությանը: Ներկայում, ըստ PC Magazine-ի, Skype-ն ունի մոտ 560 մլն գրանցված օգտատեր, այդ թվում` 8,1 մլն «վճարունակ» հաճախորդ (մարդիկ հիմնականում օգտվում են համակարգիչ-համակարգիչ անվճար կապից):

Ի սկզբանե, Google-ը հայտարարում էր, թե համակարգչից հեռախոսներին կատարվող զանգային ծառայությունը նախատեսված է միայն մասնավոր անձանց համար: Սակայն այժմ ընկերությունը հնարավոր է համարում Google Voice/Gmail ծառայության ընդլայնումը նաև միլիոնավոր ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար, որոնք օգտվում են Gmail-ից:

Google-ը ձեռնոց է նետում Skype-ին. Gmail-ից շուտով հնարավոր կլինի զանգահարել