9/11-ի ահաբեկության զոհերի թիվը տարեցտարի ավելանում է
Հազարավոր մարդկանց կյանքեր խլած 9/11-ի ահաբեկության զոհերի թիվը ավելանում է։ Դրա պատճառը թունավոր տոքսիններն են, որոնցով հագեցած օդը շնչել են Առևտրի համաշխարհային կենտրոնի տարածքում գտնված մարդիկ։ Նման եզրակացությամբ զեկույց է հրապարակել բրիտանական Daily Mail-ը։
Ըստ փորձագետների՝ վտանգի է ենթարկված տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը, առաջին հերթին՝ ողբերգության վայրում աշխատած փրկարարների, բժիշկների և կամավորների։ Ըստ զեկույցի՝ երկվորյակ երկնաքերների փլուզումից հետո բարձրացած փոշին պարունակել է ուժեղ ներգործող քիմիական նյութեր։ Բժիշկները նշում են, որ փրկարարներից շատերն այժմ քաղցկեղով են տառապում, նրանց 70 տոկոսը տառապում է շնչուղիների հիվանդություններով։
Դա մեծ մասամբ առաջ է եկել նրանից, որ մարդիկ աշխատել են առանց պաշտպանիչ հագուստի։ Ավելին, ահաբեկությունից մեկ շաբաթ անց Առևտրի համաշխարհային կենտրոնի տարածքում աշխատողներին թույլատրվեց վերադառնալ գրասենյակներ։ Առողջապահության նյույորքյան վարչությունն արդեն գրանցել է ահաբեկության հետևանքների վերացմամբ զբաղվողների շրջանում մահացության 817 դեպք։
Եվս 20 հազար մարդ բժիշկների վերահսկողության տակ է։ Մասնագետների տվյալներով՝ տոքսինների ուժեղ ազդեցության է ենթարկվել 410 հազար մարդ։ Սեպտեմբերի 11-ը արդեն համեմատում են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետ։










