Երդում տալիս է երկրի նախագահը, ինչո՞ւ չպետք է տա ուսուցիչը. ԿԳ նախարար

15:21 • 30.08.10

2010–2011 ուսումնական տարին նախորդներից կառանձնանա ուսուցիչների երդման արարողությամբ։

«Երդում տալիս են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, երդում տալիս է հանրապետության նախագահը, պատգամավորները։ Երդումն այն մարդկանց համար է, որոնք իրենց խոսքի արժեքը գիտեն», – այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ երդում տալով մանկավարժները ևս մեկ անգամ հաստատում են, որ կրթությունը առաքելություն է, և կրթության սպառողն աշակերտն է։

Նախարարը չի բացառում, որ երդման տեքստի հետ կապված կարող են լինել խմբագրական առաջարկներ և փոփոխություններ, բայց դա, ըստ նրա, երկրորդական է։

«Արարողակարգը շատ պարզ է. սեպտեմբերի 1–ին, առաջին դասից առաջ, մեկը կընթերցի այդ երդումը, մնացածը կկրկնեն», – պարզաբանեց նա։

Նախարարը հավելեց, որ մյուս տարվանից սկսած երդում կտան միայն նոր ուսուցիչները։