Տիգրանակերտի այս տարվա հնագիտական հետազոտության առաջին արդյունքները գոհացուցիչ են

19:06 • 30.08.10

Օգոստոսի 25–ին ավարտվեց Տիգրանակերտի այս տարվա պեղումների վերջին փուլը։ Այսօրվա ասուլիսին Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն ամփոփիչ ներկայացրեց արդյունքները։
Տիգրանակերտի 2010թ. պեղումներն սկսվել են հունիսի կեսերին։ Այն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` ղեկավարությամբ պատ. գիտ. դոկտոր, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի։

Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են ԼՂՀ իշխանությունները։

Ըստ Պետրոսյանի՝ պեղումներն ընթացել են Միջնաբերդում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի տարածքում, Կենտրոնական թաղամասում (բազիլիկ տաճարի տարածք)։ Հետախուզական պեղումներ են կատարվել քաղաքի և նրա մերձակայքի մի քանի կետերում։

Հայտնաբերվել և առաջին պեղումներն են իրականացվել Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտերից մեկում։ Արշավախմբի ղեկավարը նշեց, որ պեղվել են երկու կարասային թաղումներ, որոնցից մեկում զարդերի և երկաթե ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաև երկու պղնձե դրամներ։ Դրամներն այժմ մաքրման պրոցեսում են և շուտով մենք կկարողնանք որոշել դրանց ինքնությունը և դրանով իսկ` թաղումների ավելի կոնկրետ ժամանակը։

Միջնաբերդի տարածքում շարունակվում են միջնադարյան բնակելի համալիրների և անտիկ կառույցների մնացորդների պեղումները։ Միջնադարյան աշխույժ կյանքը, որի վկայություններն են բազմաթիվ թոնիրները, կավե զանազան հարթակները, հասարակ ու ջնարակապատ խեցեղենը, հայտնի չափով ավերել են անտիկ կառույցները, որոնց մնացորդները երևան են գալիս առավելապես ժայռափոր հարթակների, առվակների և պատերի հիմքերի տեսքով։ Հատուկ նշելի են գունազարդ խեցեղենի, սկյութական տիպի արդեն երրորդ նետասլաքի գյուտերը։

Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի հատվածում պարսպի պեղված մասի երկարությունն արդեն հասնում է 120 մետրի։ Պեղվող հատվածն աչքի է ընկնում պարսպի զգալի բարձրությամբ, կվադրերի խոշորությամբ և ծիծեռնակապոչ կապերի էլ ավելի հաճախակի կիրառմամբ։ Այս տարվա պեղումները, թվում է, էլ ավելի հավանական են դարձնում այն կարծիքը, որ պարսպապատերի վերնամասսերը վաղ միջնադարում ունեին հում աղյուսե հատվածներ, որոնք փլուզվելով փաստորեն ծածկել են պարսպապատի զգալի հատվածը և այն «անտեսանելի» դարձրել մինչև մեր օրերը։

Կենտրոնական թաղամասի Բազիլիկ եկեղեցուն հարավից կից հատվածում վերջնակապես վավերացվել է ավանդատան և բաց սյունասրահի առկայությունը։ Ավանդատանը հարավից կից հատվածում ուշագրավ են 12-13-րդ դդ. սվաղապատ տնտեսական հորի և տնտեսական բնույթի առվակի պեղումները։ Եկեղեցուն հյուսիս-արևելքից կից հատվածում պեղվել է նույն ժամանակի մի ընդարձակ սենյակ երկու խոշոր տարատիպ թոնիրներով։ Ջնարակապատ անոթների, ապակյա ապարանջանների գյուտերն այստեղ բավականին շատ են։ Սակայն ամենաէական գյուտն անշուշտ 10-11-րդ դդ. խաչքարն է, որը ոչ միայն հավաստում է հայ ինքնության ակնհայտ առկայությւոնը Տիգրանակերտում, այլև ցույց է տալիս, որ 9-րդ դ. համեմատական անկումից հետո եկեղեցու մի հատվածը վերականգնվել է և ծառայել որպես մատուռ, որից արևմուտք էլ կանգնեցվել է խաչքարը։

Պեղվել է նաև ավելի քան կես տոննա տարողություն ունեցող օձազարդ մի կարաս, որը վերականգնելուց հետո կդառնա նորաստեղծ թանգարանի ամենուշագրավ ցուցանմուշներից մեկը։

Տիգրանակերտի այս տարվա հնագիտական հետազոտության առաջին արդյունքները գոհացուցիչ են