Ֆրանսիականից ազատված դասախոսներն ուսանողներին դասադուլի են դրդում և ստորագրություննե՞ր կեղծում
Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսներն ուսանողներին դասադուլի են դդրդում և ստորագրություններ կեղծում։ Այսօրվա ասուլիսին նման հայտարարություն արեց համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը` շեշտելով, որ այս կերպ որոշ մարդիկ ժողովրդավարությունը խառնում են անարխիայի հետ։
Համալսարանի ղեկավարությունը բոլորովին վերջերս աշխատանքից ազատել է 29 դասախոսի՝ դասախոսական կազմի 14,8 տոկոսին։
Համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, մանրասնելով հեռացման պատճառները՝ նշեց, որ որոշ առարկաներ ուսումնական ցանկից դուրս են մնացել` իրենց տեղը զիջելով այլ առարկաների։ Այս գործընթացը, ըստ նրա, համալսարանի որակի բարձրացմանն է ուղղված։
Ռեկտորը հիշեցրեց, որ համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքներով։ Նրանցից մի քանիսի ազատման պատճառը պայմանագրային ժամկետների ավարտն է։
Հիշեցնենք, որ հեռացված դասախոսների մի մասը դիմել են դատարան։ Լը Մորզելեկն ընդգծեց, որ ինքը հավատում է արդարությանը և սպասում դատարանի վճռին։
«Ես երկու ամիս առաջ դասախոսներին տեղեկացրել եմ ազատման մասին և վճարել արձակուրդի 48 օրվա համար, ինչպես պահանջում է օրենքը։ Դասախոսներից ոմանք առանձնահատուկ պատճառներով են ազատվել, ոմանք էլ չեն համապատասխանել համալսարանի պահանջներին և չափանիշներին»,- ասաց ռեկտորը։










