Մեզ նույնիսկ մարդու տեղ չդրեցին. ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսները վրդովված են
Ֆրանսիական համալսարանից օգոստոսի սկզբին ծանուցագրով աշխատանքից հեռացվելու մասին տեղեկացված 29 դասախոսները մինչև օրս չգիտեն, թե որն է իրենց աշխատանքից ազատելու պատճառը։ Այսօր լրագրողների հետ հանդիպած դասախոսներն ավելի քան զայրացած էին` նրանք պահանջում էին բացատրություն և հիմնավորում, ինչը չեն ստացել ու հույս էլ չունեն ստանալ։
Ֆրանսիական համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին ղեկավար Գայանե Հակոբյանի ներկայացմամբ, իրեն և իրենց ամբիոնի ևս մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատել են այն պատճառաբանությամբ, որ վերջիններս Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված քննությանը չեն ստացել անհրաժեշտ միավորները։ Անգլերենի ամբիոնի նախկին վարիչը պարզապես ապշած է, քանի որ իր հմտություններին կասկածող համալսարանը իրեն ընդամենը երկու ամիս առաջ է երաշխավորագիր տվել` շեշտելով նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Բացի այդ, դասախոսն իր հետ բերել էր և լրագրողներին ներկայացրեց իր ստացած բազմաթիվ վկայականները։ Գայանե Հակոբյանը վստահ է, որ իրեն ներկայացված պատճառաբանությունը, թե աշխատանքից ազատման պատճառը մասնագիտական հմտությունների թերի լինելն է, «անհեթեթություն է և սուտ»։
Ֆրանսիական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի դասախոս Նարինե Կոխտիևան իր հերթին շեշտեց, թե ցանկացած հիմնարկում ցանկացած կրճատում, օրենքի համաձայն, արվում է հանձնաժողովի կողմից` ատեստացիայի հիման վրա, ինչը չի արվել հեռացված դասախոսներից որևէ մեկի պարագայում։ Նրան ևս ազատել են պայմանագրի ժամկետի ավարտին` շնորհակալություն հայտնելով մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Դասախոսը վրդովված է, որ համալսարանի ռեկտորն իրենց ընդունելու և բացատրություններ տալու ժամանակ անգամ չի ունեցել։ «Եթե մեզ կանչեին, ասեին՝ ինչ խնդիր կա, մենք էլ ինչ պիտի անեինք, կստորագրեինք, կհեռանայինք, բայց մեզ նույնիսկ մարդու տեղ չդրեցին»,- վրդովված է ֆրանսերենի մասնագետը։
Համալսարանից հեռացված 29 դասախոսներից 14-ը դիմել են դատարան` վիճարկելու համալսարանի ղեկավարության որոշումը։ Իրավաբան Մարատ Ատոմյանը պարզաբանեց, որ հայցով իրենք վիճարկում են այն հանգամանքը, թե ինչու պայմանագրի ժամկետի ավարտից հետո դասախոսների հետ նոր պայմանագիր չի կնքվել։ Ըստ մասնագետի, դասախոսների հեռացումն արվել է օրենքի կոպիտ խախտումներով, քանի որ անգամ եթե դասախոսներից կարգապահական կամ մասնագիտական պատրաստվածության հետ կապված դժգոհություններ են եղել, այդ խնդիրները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով և դրա համար չի կարելի աշխատանքից ազատել։
Հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը այն լուրը, թե դասախոսներն աշխատանքից ազատվել են, որովհետև չեն համաձայնել անդամակցել ՕԵԿ-ին, դասախոսները պատասխանեցին, թե նման բան չի եղել. «Նման առաջարկ երբևէ չի եղել, 10 տարում նման բան չի եղել»։
Դասախոսները սպասում են դատական գործընթացին, իսկ մինչև այդ նամակներ են ուղարկել ԿԳ նախարարին, ՄԻ պաշտպանին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և մի շարք այլ պաշտոնյաների` ակնկալելով նրանց արձագանքը, ինչը դեռևս չի ստացվել։










