Առանց երիտասարդների հնարավոր չէ մեծ գործեր կատարել. Սերժ Սարգսյան

19:53 • 31.08.10

Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալված ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրները, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականները և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողները, մեդալների և պարգևների հանձնման արարողությունից հետո, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել են Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել է, թե մեր երկրում գիտության և կրթության զարգացման ի՞նչ նոր ուղիներ և հնարավորություններ կան, որոնք կնպաստեն նաև օլիմպիադաներում հաջողությունների հասնելուն: Ընդգծելով, որ օլիմպիադաներում հաղթելն, իրոք, պատվաբեր է, Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր դպրոցների, հանրակրթության համար դա միակ ցուցանիշը չէ։ «Մենք պետք է կարողանանք այսօր մեր դպրոցը և բարձրագույն ուսումնական հաստատությունը դարձնել ժամանակի պահանջներին համահունչ: Պետք է կարողանանք մեր կրթական համակարգը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Թե դրա համար ի՞նչ է անհրաժեշտ, արդեն բոլորիս համար էլ պարզ է. անհրաժեշտ են միջոցներ, անհրաժեշտ է կամք, անհրաժեշտ է ծրագիր: Եվ այն բարեփոխումները, որ այսօր իրականացվում են, համոզված եմ, բերելու են մեր դպրոցի, բուհի որակական փոփոխմանը: Մեզնից որևէ մեկն իրավունք չունի փնովել այն, ինչը նախկինում` 30-ականներին , 40-ականներին, 70-ականներին, 80-ականներին եղել է: Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ամեն համակարգ, այդ թվում` նաև ուսումնականը, առաջընթաց ապահովի: Ես մեծ հավատ ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր նշաձողը միշտ բարձր են տեսնում: Այն նշաձողը, որ այսօր մենք տեսնում ենք մեր դպրոցի, բուհի համար, իրոք, անհրաժեշտ է մեր հասարակությանը: Վստահ եմ, որ եթե մենք կարողանանք հասնել այդ նշաձողին, ապա շատ մեծ ավանդ ներդրած կլինենք մեր պետության ամրապնդման և զարգացման գործում: Իսկ այդ նշաձողին պետք է հասնենք և' ուսուցիչների, և' աշակերտների շնորհիվ և, իհարկե, պետության հնարավորությունների մեծացման միջոցով»,- ասել է նա:

Ուսանողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն կուզենար տեսնել այսօրվա հայ երիտասարդին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կցանկանայի, որ ժամանակակից երիտասարդը լիներ կրթված, ունենար գիտելիք, որ մեր հավերժական արժեքները` հայրենասիրությունը, երկրին նվիրված լինելը, մեծ տեղ ունենային նրա կյանքում: Կցանկանայի, որ այդ երիտասարդը լիներ ակտիվ, որ նրան հուզեր մեր երկրի, հասարակության խնդիրները, որ նա ունենար ակտիվ կենսակերպ և, վերջապես, կուզենայի, որ նա լիներ արժանապատիվ, ունենար ապագա կերտելու շատ մեծ ցանկություն և վճռականություն: Կուզենայի, որ նա գիտակցեր, որ մեր երկրի հաջողություններն ինչ-որ չափով պայմանավորված են նաև իր դիրքորոշմամբ և իր մասնակցությամբ, որովհետև, եթե յուրաքանչյուրը մտածի, թե առանց իրեն էլ մենք կարող ենք ունենալ ուժեղ բանակ, լավ դատաիրավական համակարգ և հաջողություններ բազմաթիվ այլ ոլորտներում, ապա մենք չենք կարող ունենալ իրոք ուժեղ երկիր: Կուզենամ, որ երիտասարդներն ուղղակի համոզված լինեն, որ առանց իրենց պարզապես հնարավոր չէ մեծ գործեր կատարել: Կցանկանայի, որ բոլորդ մասնակցեք կամ գոնե ձգտում ունենաք մասնակցելու այդ գործերին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Առանց երիտասարդների հնարավոր չէ մեծ գործեր կատարել. Սերժ Սարգսյան