Մայր բուհի ռեկտորը դժգոհ չէ ընդունվողների թվից, բայց դժգոհ է նրանց ընտրած մասնագիտություններից

12:57 • 31.08.10

Այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 3006 դիմորդ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Սիմոնյանը չի դժգոհում դիմորդների թվից, բայց դժգոհում է նրանց ընտրած մասնագիտություններից։

Ռեկտորի խոսքով, ինչպես միշտ, ֆավորիտների շարքում են տնտեսագիտություն, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ մասնագիտությունները։

Բավական քիչ թվով դիմորդներ նախընտրել են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն առարկաները։ Այս տարի դիմորդների կողմից քիչ թե շատ ուշադրության է արժանացել նաև դեղագործությունը։

Սիմոնյանը հավելեց, որ սովորաբար տարվա ընթացքում մոտ 100 ուսանող տարբեր պատճառներով դուրս է մնում բուհից։ Պատճառներից մեկն էլ ուսման վարձը չվճարելն է։

Ռեկտորը նաև նշեց, որ ԵՊՀ բյուջեն կազմում է 6,5 մլրդ դրամ։ Ըստ նրա՝ այդ գումարի ուղիղ կեսն ուղղվում է աշխատավարձերի վճարմանը։

Բացի դրանից, մեծ գումար է հարկավոր նաև բուհի շենքի և գույքի պահպանման, ջեռուցման դիմաց վճարելու համար և այլն։