Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների հարցը կարող է լուծել միայն դատարանը. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չունի իրավական լիազորություններ՝ աշխատանքից հեռացված՝ Ֆրանսիական համալսարանի դասախոսների հարցին միջամտելու և լուծելու համար։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիական համալսարանից հեռացված 29 դասախոսները նամակներ են ուղարկել ԿԳ նախարարին, ՄԻ պաշտպանին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և մի շարք այլ պաշտոնյաների։
Աշոտյանը պարզաբանեց, որ Ֆրանսիական համալսարանն իր կարգավիճակով համարվում է հիմնադրամ, և չի գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։
Ըստ նախարարի՝ այս հարցի լուծումը, եթե կա աշխատանքային կամ այլ օրենքի խախտում, կարող է տալ միայն դատարանը։
Նշենք, որ աշխատանքից ազատված դասախոսներն արդեն ասել են, որ դատարան են դիմելու։
Միաժամանակ, Աշոտյանը նշեց, որ ինքն այդ հարցը կբարձրացնի որպես Ֆրանսիական համալսարանի խորհրդի անդամ։
«Սեպտեմբերի վերջին կայանալիք խորհրդի նիստին այս հարցը բարձրացնելու եմ, որպեսզի ստանամ բացատրություններ տիկին ռեկտորից», – եզրափակեց նա։










