Մասնավոր բուհերից դուրս մնացած ուսանողները մինչև սեպտեմբերի 15–ը կարող են դիմել ԿԳ նախարարություն

12:26 • 01.09.10

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ լուծում է ստացել մասնավոր բուհերից դուրս մնացած 2000 ուսանողների հարցը։

«Բազմաթիվ ուսանողներ արդեն դիմել են նախարարություն՝ խնդրելով թույլ տալ իրենց տեղափոխվել այլ բուհ», – ասաց նախարարը՝ նշելով, որ վերջին տվյալներով, այդ ուսանողների թիվը մի քանի տասնյակի է հասնում։

Նա հիշեցրեց, որ բուհերի լիցենզիայի կասեցման հետևանքով բուհերից դուրս մնացած ուսանողների համար մեկ այլ բուհ գործերը տեղափոխելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15–ն է։

«Օրենքով մենք ունենք ևս երկու շաբաթ, որպեսզի կարողանանք բավարարել այլ բուհ տեղափոխվելու մեր ուսանողների ցանկությունը», – պարզաբանեց նա։

Հիշեցնենք, որ նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցվել են 14 մասնավոր բուհերի լիցենզիաները։
 

Մասնավոր բուհերից դուրս մնացած ուսանողները մինչև սեպտեմբերի 15–ը կարող են դիմել ԿԳ նախարարություն