Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից. վարչապետ
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեցին Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։
Նրանք շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցի խնդիրներին։ «Ժամանակները շատ արագ են փոխվում, այն ժամանակ, երբ մենք էինք սովորում դպրոցում, պատկերացումներն աշխարհի մասին բոլորովին այլ էին», – լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ այսօր կառավարությունն ուշադրություն է դարձնում դպրոցների համակարգչային վերազինմանը, նոր տեխնոլոգիաների դասավանդմանն ու կիրառմանը։
Խոսելով թիվ 29 դպրոցի մասին՝ վարչապետը նշեց, որ այն կապիտալ վերանորոգման կարիք ունի, բացի դրանից անհրաժեշտ է համակարգչային դասարաններ ձևավորել և գրադարանը համալրել։
Սարգսյանը հիշեց նաև իր առաջին սեպտեմբերի մեկը։ «Այն ինչ–որ նոր բանի սկիզբ էր», – ասաց նա՝ նշելով, որ հիշում է, թե ինչպես էին հուզված իր ծնողները։
«Ժամանակակից աշխարհը գիտելիքի և ինտելեկտուալ մտածողության աշխարհ է։ Այսօր դպրոցի առաքելությունը պետք է լինի այն, որ այս իմաստությունը նա հաղորդի երեխաներին», – շնորհավորելով աշակերտներին և ուսանողներին՝ ասաց վարչապետը։
Սարգսյանը նաև նշեց, որ առանց գիտելիքի երեխաները չեն ունենա ապագա և մրցունակ չեն լինի։ «Եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետություն, ապա այս գաղափարի ներդրումն աշակերտների մեջ պետք է սկսենք դպրոցից։
Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից», – ասաց նա։
Խոսելով դպրոցական տարիների մասին, նա ասաց, որ մինչև այսօր էլ ընկերություն է անում համադասարանցիներից մի քանիսի հետ։










