«Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…». նոր գիրք լայն լսարանի համար
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին:
Գիրքը ներկայացնում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային ասպեկտները, դիտարկում հիմնահարցի իրական պատմությունը, ռազմական գործողությունների առանձին դրվագներ: Գիրքը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան հիմնահարցի վաղ պատմական փաստերի արձանագրմամբ. դրանում հանգամանալից ներկայացվում է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործած Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաև Խոջալուի (ներկայում՝ Իվանյան) և Աղդամի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, հղում կատարելով հենց ադրբեջանական աղբյուրներին (նախկին նախագահ Ա.Մութալիբովի հարցազրույցը «Նեզավիսեմայա գազետա» թերթին, ադրբեջանցի լրագրող Չ.Մուստաֆաևի նկարահանումներն ու դիտարկումները)` գրքում ներկայացվում է, թե ինչպես սեփական ազգակիցներին՝ մեսխեթցի թուրքերին Աղդամի մատույցներում սպանդի ենթարկելով` ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես տուժող կողմ:
Գրքում ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների և իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով:










