«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը երթ կանցկացնի Երևանում

14:53 • 02.09.10

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունն սկսում է իր գործունեության երկրորդ ալիքը: Այս առնչությամբ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ որում մասնավորապես ասվում է.

«Աշնան գալուստով մեկնարկում է նաև մեր շարժման երկրորդ ալիքը: Առաջիկայում իշխանությունները նախատեսում են այսպես կոչված հանրային լսումներ` նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին, որին ամենայն հավանականությամբ կհաջորդի տխրահռչակ նախագծերի քվեարկությունը Ազգային ժողովում: Բացի այդ, արդեն իսկ հեռուստատեսությամբ ակտիվացել են տարատեսակ «թոք-շոուները», որտեղ նախագծի կողմնակից՝ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող գոծիչներն, իրար հերթ չտալով, փորձելու են դրական հասարակական ֆոն ստեղծել խորհրդարանի կողմից օրինագծի դակումից առաջ: Այս իրավիճակում չափազանց կարևոր է ոչ մի վայրկյան չթուլացնել դիմադրությունը և գարնանային փայլուն արշավի օրինակով ի վերջո խափանել այդ չափազանց վտանգավոր ծրագիրը: Հիշեցնեմ, որ հասարակական աննախադեպ բողոքի ալիքի արդյունքում նախ կառավարությունը լուրջ փոփոխություններ կատարեց օրենքի նախագծում, ապա նախագահի և վարչապետի կողմից սույն փոփոխությունների միակ պատճառ հայտարարված միջազգային երկու դպրոցներից մեկը ժխտեց իր հնարավոր ներդրումները Հայաստանում, իսկ մյուս՝ Դիլիջանի դպրոցի նախագծի իրականացումը դրա նախաձեռնողների կողմից լուրջ հարցականի տակ դրվեց»,- ասվում է հայտարարությունում:

Նախաձեռնող խումբը նշում է, որ այժմ հարկավոր է ամրապնդել նախնական հաջողություները և հասնել լիակատար հաղթանակի:
Առաջիկայում ծրագրված է աշնան առաջին մեծ միջոցառումը՝ ուխտագնացություն դեպի Օշական և երթ Երևանի կենտրոնում:

Այսպիսով, սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ անցկացնելու են ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Նույն օրը ուխտագնացության մասնակիցները Երևանում միանալու են Հայոց դպրությանը նվիրված երթին, որը կմեկնարկի Մատենադարանի մոտ և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։


 

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը երթ կանցկացնի Երևանում