Հուշարձանները պետք է ընդգրկվեն համայնքների զարգացման ծրագրերում. Պավել Ավետիսյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում հնագիտական հուշարձանների պահպանությունը բավարար մակարդակով չի իրականացվում։
«Որքան էլ օրենքներ գործեն, ոչինչ չի փոխի։ Ցանկացած երկրում հուշարձանները լիարժեք կպահպանվեն, եթե դա տնտեսապես շահավետ լինի բնակչության համար»,- նշեց հնագետը։
Ըստ նրա՝ ցանկացած հնարավայր պետք է ընդգրկվի համայնքների զարգացման ծրագրում՝ որպես զբոսաշրջային վայրի մի մաս։
«Հուշարձանը պետք է, մշակութային մասը պահպանելով հանդերձ, սոցիալականացվի։ Հուշարձանը միայն սրբավայր չէ, որ գնանք պաշտենք, աստվածացնենք։ Դրա պահպանությունը միայն պետության խնդիրը չէ, դա նաև հասարակական խնդիր է»,- ընդգծեց Ավետիսյանը։










