Ներքին Գոդեձորի պեղումները շարունակվում են
Սյունիքի մարզի Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումների արդյունքում հետաքրքշարժ փաստեր են հայտնաբերվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը: Պարզվել է, որ այդ տարածքում կան նաև պղնձեքարեդարյան ժամանակների հետքեր:
Հաշվի առնելով այն, որ այդ ժամանակահատվածը շատ կարևոր է Հայոց հնագույն և Առաջավոր Ասիայի պատմության ուսումնասիրման համար, 2005-ից այդ հուշարձանի պեղումները լայն թափ են ստացել. աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային փորձագետներ։
Գոդեձորի պեղումներից պարզ է դարձել, որ այն գտվում է ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա, ինչը, ըստ հնագետի, արտառոց փաստ է։
«Մինչև այդ այդպիսի բարձրության վրա այդպիսի հասարակությունների թողած հետքեր մենք չենք գտել»,- նշեց Ավետիսյանը։
Այս տարի տարածքի պեղումների արդյունքում հայտաբերվել է մարդու կմախք, որի ուսումնասիրության համար ֆրանսիացի մասնագետ է հրավիրվել։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ մշակվելուց հետո հայտնաբերված գտածոների մի մասը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։










