Աֆրիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում. Լոռու մարզում կարանտին է հայտարարվել

10:57 • 03.09.10

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Լորուտ և Մարց համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտը մեծ տարածում է գտել։ Երկու համայնքներում էլ կարանտին է հայտարարված։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը՝ նշելով, որ լաբորատոր ուսումնասիրություններն արդեն հաստատել են, որ խոզերի մոտ նկատվող հիվանդությունը հենց աֆրիկյան ժանտախտ է։ Ըստ մասնագետի՝ մարզում հիվանդության տարածումը կանխելու բոլոր միջոցառումները ժամանակին իրականացվում են։

Աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքերն այս երկու համայնքներում գրանցվել են օգոստոսի 26-ին։ Այսօրվա դրությամբ արդեն անկել և հարկադիր սպանդի է ենթարկվել Լորուտում՝ 148, Մարցում՝ 113 գլուխ խոզ։

Ըստ Վիրաբյանի՝ ամենայն հավանականությամբ հիվանդությունը Լոռի է ներթափանցել հարևան Տավուշի մարզից, որտեղ այն տարածում էր գտել դեռևս այս տարեսկզբին։ Հիվանդությունը կարող է տարածվել անասնակերի, հիվանդ կենդանիների շփման, ինչպես նաև միջատների միջոցով։

Նշենք, որ աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ չկա։ Հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը հիվանդ կենդանուն սպանդի ենթարկելն ու խորը փոսերում թաղելն է։

Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի բռնկում հանրապետությունում գրանցվել էր նաև 2007թ.։

Աֆրիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում. Լոռու մարզում կարանտին է հայտարարվել