Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի կրթության նախարարին

20:17 • 06.09.10

Վրաստանի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թթ. 110, 95 դպրոցների և թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման
մասին վերջերս տարածված լուրերի առնչությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունից, դիմումում Վրաստանի հայ համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հետևյալ հարցերին.

- ինչո՞վ են պայմանավորված Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշումները նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման մասին,

- ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները տվյալ դպրոցներում:

«Հիշեցնենք, որ Թբիլիսիի թթ. 110 և 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը հայկական դպրոց է, որտեղ սովորում են տեղի հայերի զավակները: Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող հայկական կրթական ու մշակութային օջախները Վրաստանի հայ համայնքի հատուկ ուշադրության առարկան են, և այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի հայ համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում:

Վրաստանի հայ համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի երկրի ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու և մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում: