Ոչ պետական բուհերի թիվն այս տարի կկրճատվի 7-10–ով
Հանրապետությունում գործող ոչ պետական բուհերի թիվն այս տարի ևս օբյեկտիվ պատճառներով կկրճատվի 7-10–ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանում պետք է գործեն բանական քանակությամբ մասնավոր բուհեր։
Ներկայացնելով նախարարության՝ այս տարվա գերակա ծրագրերը՝ Աշոտյանը կարևորեց հակակոռւպցիոն ծրագրի իրագործումը։ Նշենք, որ ՀՀ վարչապետի պահանջով նախարարությունը հակակոռուպցիոն ծրագիրը կառավարության հաստատմանն էր ներկայացրել նախորդ տարեվերջին։ Այն արդեն հաստատվել է։
Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է այս տարի քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության քննությունները վերացնել՝ ընդունելության համար հիմք ընդունելով դպրոցի գնահատականները։
Նախատեսվում է բուհերի ընդունելության քննությունների գործընթացը զերծ պահել սկանդալայնին, վճահարույց խնդիրներից՝ կիրառելով համապատասխան մեխանիզմներ։
Մատչելի կդարձվի նաև ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխվելու գործընթացը, որն, ըստ նախարարի, տարիներ շարունակ կոռուպցիոն ռիսկեր է պարունակել։
Ըստ Աշոտյանի՝ բազմաթիվ դժգոհություններ են հնչում Կրթության պետական տեսչության գործունեության վերաբերյալ։ Հետևաբար, այս տարի տեսչությունը խորը բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների կենթարկվի։










