Հայ հաքերներն ընդդեմ ադրբեջանցիների. ո՞ր կողմն է ավելի արդյունավետ գործում

21:05 • 17.01.11

Հայ և ադրբեջանցի հաքերների «ոճերը» տարբեր են:

«Ազերիները սովորաբար ուսումնասիրում են ամբողջ հայկական ինտերնետը` փնտրելով ստանդարտ խոցելիություններ: Իսկ հայերն աշխատում են թիրախային` կոտրելով կոնկրետ կայքեր»,- pcnews.am-ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ունեն միատեսակ գործելաոճ. կոտրում են հայկական կայքերը` տեղադրելով գլխավոր էջում իրենց դրոշն ու գրություններ: 2010թ. նոյեմբերի վերջին կոտրվեց p-art.am կայքը, որտեղ տեղադրվել էին ադրբեջանցի զինվորի նկար ու անգլերեն գրություն` «Պատկանում է ադրբեջանական դիվերսիային», որից հետո` երկար ադրբեջաներեն տեքստեր:

Նույնը կրկնվեց մի քանի օր առաջ` հունվարի 15-ին, երբ կոտրվեց americancouncils.am կայքը: «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կայքը վերականգնեց աշխատանքները մեկ օրվա ընթացքում:

Ադրբեջանցիները կոտրած կայքերը վերականգնվում են շատ կարճ ժամանակում: Կայքերի տերերը սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգությանը: Մարտիրոսյանի խոսքով` սա ավելի շատ օգուտ է տալիս, քան վնաս:

Հայ հաքերները, բացի կայքեր կոտրելուց, ավելի ակտիվ օգտագործում են տեղեկատվական պատերազմի մեթոդները: 2010թ. նոյեմբերի 9-ին Hamazoosp Hacking LTD խումբը կոտրեց Day.Az լրատվականի աշխատակիցների էլ-փոստերը:

Անանուն Հաքերյան անունով հայ հաքերը կոտրեց Վուգար Սեիդովի էլ-փոստն, ու հրապարակվեցին ադրբեջանական քարոզչական կարկառուն դեմքերից մեկի բոլոր նամակները, որոնք բացահայտում են, թե ում հետ և ինչպես են աշխատում ադրբեջանցիները:

Գրանցվել են նաև ադրբեջանական կայքերի զանգվածային կոտրումներ. irevan-az.com, safari.az, bek.az, var.az կայքերում տեղադրվել էր հետևյալ գրությունը`

Дорогие друзья!

Для просмотра онлайн

В субботу, 15 мая, в 22:40 на Армянском Общественном ТВ состоится премьера фильма об армянских погромах в городе Сумгаит (Азербайджан)

HamaZooSP Hacking LTD им. Вугара Сеидова

Мейл для контактов vugar@azeris.com

Մի քանի օր առաջ կոտրվել է նաև Ռամիլ Սաֆարովի մասին կայքը` ramilsafarov.org: Ս. Մարտիրոսյանի խոսքով` հավանաբար սա հայ հաքերների ձեռքի գործն է: Կայք մուտք գործել այժմ հնարավոր չէ, քանի որ հասցեն մուտքագրելիս էջը վերահասցեավորվում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքի վրա: Կայքն այս վիճակում է գտնվում առնվազն երեք օր և դեռևս չի վերականգնվել:

«Թեև հաքերի ստորագրությունը չկա կոտրված կայքում, բայց ադրբեջանցի հաքերների մի խումբ որոշ ժամանակ առաջ գովազդում էր այս կայքը, երբ կոտրում էր հայկական էջերը. հավանակությունը մեծ է, որ սա հայ հաքերների պատասխան քայլ էր»,- նշել է Մարտիրոսյանը:

 

 

Հայ հաքերներն ընդդեմ ադրբեջանցիների. ո՞ր կողմն է ավելի արդյունավետ գործում