Գիտնականները հայտարարել են, որ պատրաստ են «վերակենդանացնել» մամոնտներին

18:08 • 17.01.11

Ճապոնիայի, Ամերիկայի և Ռուսաստանի գիտնականների միջազգային խումբը Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իրիտանիի ղեկավարությամբ հայտարարել են, որ պատրաստ են «վերակենդանացնել» մամոնտներին։

Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, վերացած կենդանիների վերակենդանացումը կիրականացվի կլոնավորման միջոցով։ Մամոնտների բջիջների միջուկը կվերցնեն Յակուտիայում գտնված մի մամոնտից և կտեղադրեն փղի ձվաբջջի մեջ։ Գիտնականները ակնկալում են, որ նախագիծը կավարտվի 5-6 տարվա ընթացքում։

Մինչ այժմ նմանատիպ նախագծերը տապալվել են, քանի որ մամոնտների մաշկը ցրտի պատճառով խիստ վնասված է եղել։ Սակայն 2008թ.–ին ճապոնացի կենսաբան Տերուհիկո Վակայամային հաջողվել էր մուկ կլոնավորել՝ օգտագործելով 16 տարի ուժեղ ցրտի մեջ մնացած բջիջներ։ Իրիտանիի խումբը մտադիր է օգտվել Վակայամայի պատրաստուկներից։

Ինչպես հաղորդում է Իրիտանին, գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչպես պետք է կերակրեն փոքրիկ մամոնտին։ Հետազոտողները դեռ չեն որոշել՝ արդյոք հաջողության դեպքում կենդանուն ցույց կտան հանրությանը, թե ոչ։
Մամոտնտները, որոնք իրենց չափերվ գերազանցում են փղերին, վերացել են մոտ 10000 տարի առաջ, չնայած դրանց որոշ տեսակներ մինչև մեր թվարկությունից առաջ 2–րդ հազարամյակը ապրել են Վրանգելի կղզում։
 

Գիտնականները հայտարարել են, որ պատրաստ են «վերակենդանացնել» մամոնտներին