Հնարավոր է` Ջոբսն այլևս երբեք չվերադառնա Apple
Վերջին տարվա ընթացքում Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի առողջական վիճակի պատճառով գործերից երրորդ անգամ հանկարծակի հեռանալն այս անգամ արդեն տրամադրություն է առաջացրել, որ նա էլ երբեք չի վերադառնա ընկերության ակտիվ ղեկավարմանը։
Բիզնեսի աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, որը 2009–ին լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, հիվանդության պատճառով անորոշ ժամանակով արձակուրդ է գնացել՝ երկուշաբթի ներդրողներին նամակով հայտնելով, որ կմասնակցի ընկերության հիմնական ռազմավարական որոշումների կայացմանը։
«Ես կարծում են, որ, հնարավոր է, սա վերջին անգամն է, որ մենք Սթիվ Ջոբսին տեսանք որպես գլխավոր տնօրեն։ Ես ակնկալում եմ, որ ընթացիկ տարվա մեջ գլխավոր տնօրեն կնշանակվի Թիմ Կուկը»,–ասել է Gleacher&Co ներդրումային ընկերության վերլուծաբան Բրայեն Մարշալը, որի խոսքերը մեջբերում է Forbes ամսագիրը։
Կուկը կառավարում է ընկերությունը Ջոբսի բացակայության դեպքում։ 2004–ից նա ղեկավարել է Apple–ի Կալիֆոռնիայի մասնաճյուղը, երբ Ջոբսը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո վերականգնում էր առողջությունը, իսկ 2005–ին նշանակվել է Apple–ի գլխավոր կառավարիչ։
Ի՞նչ կփոխվի, երբ Ջոբսին փոխարինի Կուկը։ Ոչինչ՝ վստահեցնում են ազդեցիկ վերլուծաբանները։ The NewYork Times պարբերականը, պատշաճը հատուցելով Սթիվ Ջոբսին, կոչ է անում վերջ դնել ընկերության ղեկավարի առողջության շահարկումներին և պաշտոնապես ձևակերպել Apple–ի ղեկավարման անցումը Կուկին՝ ելնելով ներդրողների շահերից։ Ապագայում դա թույլ կտա շուկայում շրջանցել տհաճ անակնկալները։
«Apple–ը թիմ է, այլ ոչ թե միակ ու եզակի անձ։ Մենք խոսում ենք ընկերության մասին, որը 2011–ի սեպտեմբերին՝ ֆինանսական տարվա ավարտին, կարող է ունենալ 100 մլրդ դոլարի շրջանառություն։ Կարո՞ղ էր Սթիվ Ջոբսն այդ ամենը միայնակ անել»,–գրում է The New York Times-ը։
Apple–ի շահույթը անցած ֆինանսական տարվա ընթացքում, որը ընկերության համար ավարտվել էր 2010–ի սեպտեմբերի 25–ին, 70% –ով ավելացել էր՝ հասնելով 14,01 մլրդ դոլարի՝ 2009–ի 8,23 մլրդ դոլարի համեմատ։










