Facebook-ը մեկ տարում 2 միլիարդ դոլար է աշխատել
Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը՝ Facebook-ը, անցյալ տարի տեղադրվող գովազդից վաստակել է ռեկորդային 1 միլիարդ 860 միլիոն դոլար։ Եթե հաշվի առնենք նաև եկամտի այլ աղբյուրներ, ապա անցած տարում Facebook–ի ընդհանուր հասույթը, ըստ փորձագետների, կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար։
Այս մասին Advertising Age–ին ասել է eMarketer–ի ավագ վերլուծաբան Դեբրա Ուիլյամսոնը։ Նրա խոսքերով՝ հասույթի մոտ 60%-ը Facebook–ը ստացել է փոքր և միջին բիզնեսի գովազդների տեղադրումից, ևս 60% գովազդային դոլար սոցցանցը վաստակել է շնորհիվ հայտարարություններ տեղադրելու սեփական պլատֆորմի։
Ուիլյամսոնն ավելացրել է, որ մոտ 740 միլոն դոլար հասույթ եկել է խոշոր բրենդներից, ինչպիսիք են Procter & Gamble–ն կամ Coca-Cola–ն։ Անցյալ տարի ամսական ավելի քան 50 միլիարդ գովազդային հայտարարություն ցույց տվող Facebook-ին բաժին է հասել ԱՄՆ–ի ամբողջ օնլայն գովազդի 5%-ը, իսկ 2011թ.-ին այդ ցուցանիշը բարձրացել է մինչև 8%, ընդգծել է eMarketer–ի փորձագետը։
2012թ.-ին Ուիլյամսոնի կանխատեսմամբ ԱՄՆ–ում Facebook–ի գովազդային բաժինը կկրկնապատվի և կկազմի 2 միլիարդ 890 միլիոն դոլար, իսկ սոցցանցի եկամուտը կհասնի 5 միլիարդ 740 միլիոն դոլարի։ Միաժամանակ զվարճալի MySpace պորտալի գովազդից ստացվող հասույթը 2009թ. բավականին բարձր 470 միլիոն դոլարից 2012թ.-ին կկրճատվի մինչև 156 միլիոն դոլար։
Wedbush–ի վերլուծաբան Լու Կերները անցած ամիս հայտարարել է, որ 2015թ.–ին Facebook-ի կապիտալիզացիան կարող է հասնել մինչև 200 միլիարդ դոլարի։ Փորձագետի խոսքերով՝ 2010թ.–ին ինտերնետային գովազդի շուկայի արժեքը կհասնի 110 միլիարդ դոլարի, իսկ սոցիալական կայքը կստանա ցանցում բոլոր էջերի դիտումների 20%-ը։ Հետևաբար, նշում է Կերները, 4 տարի անց Facebook–ի ձեռքում կլինի համացանցի ամբողջ գովազդային շուկայի 20%–ը։
Facebook սոցցանցի լսարանը վերջերս հատել է 600 միլիոնի սահմանը:
All Facebook-ի փոխանցմամբ` վերջին կես տարվա ընթացքում Facebook-ում գրանցվածների թիվը հասել է 100մլն-ի, որի 1/5 մասը ԱՄՆ-ի բնակիչներ են: Վերլուծաբանները նաև նշում են, որ Facebook-ը մեծ աճ է գրանցել ասիական երկրներում, մասնավորապես` Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում:










