Starbucks –ը սուրճ կվաճառի iPhone–ի միջոցով
Starbucks սրճարանների ցանցը իր խանութներում մտցնում է բջջային վճարների համակարգ iPhone և BlackBerry սմարթֆոնների տերերի համար, հաղորդում է The Seattle Times –ը։ Նոր համակարգի օգնությամբ, որն ընկերությունը փորձարկել է 2009թ. սեպտեմբերին,
Starbucks-ի հաճախորդները կարող են վճարել իրենց պատվերների համար ԱՄՆ ավելի քան 6800 սրճարաններում։
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Starbucks-ի քարտ, ինչպես նաև սմարթֆոնի մեջ ներբեռնել հատուկ հավելված։ Այդ հավելվածը ցույց է տալիս պատվիրված մթերքների ստվերագծային կոդերը, ինչպես նաև հնարավորություն է տալիս միջոցները դուրս գրել Starbucks–ի քարտից։ Նոր համակարգից օգտվողները կկարողանան նաև սմարթֆոնների օգնությամբ ղեկավարել իրենց հաշիվները և տեղեկություն ստանալ մոտակա Statbucks սրճարանների մասին։
Նոր համակարգի գործարկումից հետո, ինչպես պնդում են Starbucks-ում, ընկերության միլիոնավոր քարտատերեր կունենան սրճարանային ցանցում իրենց պատվերները վճարելու նոր և արագ հնարավորություն։
Այժմ Starbucks սրճարանային ցանցում յուրաքանչյուր հինգերորդ գործարքը կատարվում է ընկերության քարտերի միջոցով։ 2010թ.–ին ցանցի հաճախորդները Starbucks–ի իրենց քարտի վրա են փոխանցել 1.5 միլիարդ դոլար, որը 21%-ով գերազանցում է 2009–ի ցուցանիշը։
Starbucks-ը համաշխարհային սրճարանային ցանց է, այն աշխատում է աշխարհի 35 երկրներում և ունի 17 հզ. վաճառակետ։










