Չինական քարտեզագետները Անգլիային «են հանձնել» Լեհաստանի և Ռուսաստանի մի մասը

14:52 • 21.01.11

Չինաստանում գործարկվել է քարտեզագրական ինտերնետ–ծառայություն՝ Map World, որը հնարավորություն կտա չինացի օգտագործողներին կողմնորոշվել ամբողջ աշխարհում։ Սակայն քարտեզագետները մի շարք սխալներ են թույլ տվել Մեծ Բրիտանիայի աշխարհագրության մեջ։

Ինչպես The Guardian կայքի բլոգում հաղորդում է լրագրող Ջայլզ Թրեմլեթը, հյուսիսային Ուելսից Չեստեր տանող ճանապարհն անցնում է Բաշմակովո բնակավայրով, ինչպես նաև բրիտանական Ուոտֆորդից ոչ հեռու հայտնվել է լեհական Օտրով–Վելիկոպոլսկի քաղաքը, իսկ Դարլինգթոնից Միդլսբորո տանող ճանապարհն անցնում է Չիշմիով։

Google որոնողական ծառայության շնորհիվ հեղինակին հաջողվել է պարզել, որ Չիշմին ուղղափառ ոճի գեղեցիկ եկեղեցի ունեցող քաղաք է Բաշկիրիայի Հանրապետությունում, իսկ Բաշմակովոն Մոսկվայից 480 կմ հարավ–արևելք գտնվող երկաթուղային կայարան է։ Ինչպես նաև Անգլիային են «բաժին ընկել» ռուսական Ալմենևո և Մարյանովկա բնկավայրերը։

Ջայլզ Թրեմլեթը նաև նշում է, որ Map World–ում ընդհանուր առմամբ կա 11 միլիոն սխալ և կոչ է անում օգտագործողներին շարունակել սխալներ փնտրել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Google Maps քարտեզագրական ծառայության սխալի պատճառով միջպետական կոնֆլիկտի եզրին էին հայտնվել Նիկարագուան և Կոստա Ռիկան. ծառայությունը սխալ էր նշել երկու երկրների միջպետական սահմանը։
 

Չինական քարտեզագետները Անգլիային «են հանձնել» Լեհաստանի և Ռուսաստանի մի մասը