Եվրադատարանը Ֆրանսիային մեղադրում է համստերների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու մեջ

15:32 • 21.01.11

ԵՄ դատարանը Ֆրանսիային մեղադրել է անհետացման սպառնալիքի տակ հայտնված մեծ համստերի պահպանության ուղղությամբ իր պարտականությունները չկատարելու մեջ։

Նշենք, որ այդ մեծ համստերը «բնակվում է» Ֆրանսիայի հյուսիս արևելքում՝ Էլզասում։
L'Express–ի փոխանցմամբ՝ դատարանը հասատել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում կաթնասուին և անպատասխանատվությամբ է վերաբերվում բացառիկ այդ նմուշի համար պահպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտությանը։

Եվրահանձնաժողովը Ֆրանսիային դատի էր տվել դեռևս 2009թ. ամռանը։ Այդ ժամանակ, պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, որ ֆրանսիացիներն անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում մեծ համստերին փրկելու համար։

Կենդանին պահպանության տակ առնվել է 1993թ., սակայն այդ ժամանակից ի վեր, ընդհանուր առմամբ, համստերների բույների թիվը գնալով կրճատվում է։ Եթե 2001թ. դրանց թիվը 1167– էր, ապա 2007թ. 147–161 բույն է հաշվվել։

Իսկ թե որքան է մեծ համստերի բույների թիվը Էլզասում, հրատարակությունը չի նշում։ Սակայն իրավաբանական փաստաթղթերի համաձայն, Ֆրանսիան շարունակում է ընդլայնել գյուղատնտեսական հանդերը Էլզասում, ինչպես նաև ոչնչացնում է համստերների «կացարանները» ՝ հանուն ասֆալտապատ ճանապարհների և ուրբանիզացիայի։

ԵՄ դատարանը վճռել է, որ եթե Ֆրանսիայի ղեկավարությունը մոտ ժամանակներս չսկսի զբաղվել Էլզասի մեծ համստերով, ապա երկրի նկատմամբ մեծ տուգանքներ կարող են սահմանվել։ Մեծ համստերի երկարությունը 27–30 սմ է, կշռում է 200–500 կգ։