Խոշոր պետությունների միջև բարի հարաբերություններն աշխարհը դարձնում են անվտանգ, իսկ նրանց միջև առճակատումն աշխարհը ներքաշում է քաnսի մեջ. Սի Ծինփին

13:30 • 19.11.26

Խոշոր պետությունների միջև բարի հարաբերություններն աշխարհը դարձնում են անվտանգ, իսկ նրանց միջև առճակատումն աշխարհը ներքաշում է քաոսի մեջ: Այս մասին Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին լիարժեք եռակողմ գագաթնաժողովին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը:

Նրա խոսքով՝ մոլորակը վերապրել է ավելի քան 10,000 պատերազմ, որոնցից երկու ամենամասշտաբայինները մարդկությանն աննախադեպ ծանր տառապանքներ են պատճառել, իսկ առ այսօր աշխարհում դեռևս առկայծում են ավելի քան 60 տեղային հակամարտություններ։

«Պատմությունը սովորեցնում է, որ խոշոր պետությունների միջև բարի հարաբերություններն աշխարհը դարձնում են անվտանգ, իսկ նրանց միջև առճակատումն աշխարհը ներքաշում է քաոսի մեջ։ Ավելի քան 80 տարի առաջ՝ որպես գլոբալ հակաֆաշիստական ճակատի հենասյուն, մեր երեք պետությունները, կռվելով ուս ուսի տված, տարան մեծ հաղթանակ և դրանով իսկ պաշտպանեցին խաղաղ երկինքը գլխավերևում»,- նշել է Չինաստանի առաջնորդը՝ ընդգծելով պատմական հիշողության պահպանման և անցյալի վրա հենվելով ապագան բացելու անհրաժեշտությունը։

Սի Ծինփինն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհը վաղուց բաղկացած չէ անջատ կղզիներից, և մարդկությունն ապրում է մեկ գլոբալ գյուղում՝ որպես մեկ ամբողջություն և միևնույն ճակատագրով։ Նրա համոզմամբ՝ այս գլոբալ գյուղում խոշոր պետությունները կրում են հատուկ պատասխանատվություն, իսկ համաշխարհային տերությունների բարի փոխգործակցությունը ոչ թե հնարավոր տարբերակներից մեկն է, այլ անայլընտրանք ընտրություն։

ՉԺՀ նախագահը հավելել է, որ վերջին տարիներին Պեկինն ակտիվորեն աշխատում է ինչպես նոր դարաշրջանում չին-ռուսական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման, այնպես էլ կառուցողական, ռազմավարական և կայուն չին-ամերիկյան հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Ըստ նրա՝ խաղաղ գոյակցության, կայուն ու հավասարակշռված զարգացման ոգով խոշոր պետությունների հարաբերությունների ճարտարապետության ձևավորումը բխում է ոչ միայն երեք երկրների, այլև ողջ աշխարհի շահերից։

«Հարյուրամյակների ընթացքում աննախադեպ համաշխարհային մասշտաբի տեկտոնական տեղաշարժերի ֆոնին աշխարհը հանգիստ չես անվանի։ Պարտքի զգացումը դրսևորվում է փորձությունների ժամանակ։ Որպես առաջատար տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ մեր երեք պետությունները պետք է արժանի օրինակ ծառայեն համատեղ ջանքերով, արձագանքեն գլոբալ մարտահրավերներին, միասին պաշտպանեն խաղաղությունն ու կայունությունը մոլորակի վրա և էլ ավելի մեծ ներդրում ունենան մարդկության առաջընթացի գործում»,- եզրափակել է Սի Ծինփինը։