Google-ը հրաժեշտ է տալիս «եռանախագահությանը». ընկերությունը կղեկավարի Լարի Փեյջը

12:34 • 21.01.11

Ամերիկյան Google ընկերությունն անցյալում է թողել տնօրենների «եռապետական» համակարգը, որն ամբողջ անցյալ տասնամյակի ընթացքում կառավարել է ընկերությունը։ Այսուհետ, ինչպես գրում է Financial Times–ը, ընկերությունը կղեկավարի Լարի Փեյջը։

Նշվում է, որ փոփոխություններ կատարելու ժամանակը վաղուց էր հասունացել։ Ընկերության հիմնական մրցակից Facebook ընկերությանը հաջողվել էր անցյալ տարվա ընթացքում «քլիքերի» քանակով Google–ից առաջ անցնել։ Արդյունքում Էրիկ Շմիդտը, որը դեռ անցյալ տարվա ապրիլին էր ընկերության կառավարումը փոխանցել Փեյջին, ասել է, որ Google–ի 3 տնօրենները որոշել են «հստակեցնել» իրենց դերերն ընկերությունում, որպեսզի պատասխանատվության բաշխումը հասկանալի դառնա։

Դրան զուգահեռ, Financial Times–ին տված հարցազրույցում Շմիդտը հրաժարվել է խոստովանել, որ հասունացած որոշման պատճառը կտրուկ աճած մրցակցությունն է։

Նշենք, որ վերլուծաբանները դրական են գնահատել Google–ի որոշումը։

Փեյջը ընկերության հիմնադիրներից մեկն է, որը հիմնել է Google–ը՝ Սթենֆորդի համալսարանի իր համակուրսեցի Սերգեյ Բրինի հետ միասին։ Նախկին եռապետերից Բրինն այժմ կգլխավորի ընկերության հատուկ նախագծերի բաժինը։

Նշենք նաև, որ ղեկավարության փոփոխության մասին տեղեկությունը հայտնվեց ընկերության ֆինանսական հաշվետվության հրապարակմանը զուգահեռ, որը հաճելիորեն զարմացրեց ներդրողներին։ 2010–ի արդյունքների համաձայն՝ ընկերության զուտ եկամուտ կազմել է 8,5 մլրդ դոլար՝ 2009–ի 6,5 մլրդ-ի համեմատ։

Google-ը հրաժեշտ է տալիս «եռանախագահությանը». ընկերությունը կղեկավարի Լարի Փեյջը