Արենիից նոր սենսացիաներ սպասեք. պեղումներ կատարած արշավախումբ (լուսանկարներ)

15:44 • 21.01.11

«Այն, ինչ այսօր ունենք, մեզ միանշանակ թույլ է տալիս հայտարարելու, որ Հայաստանն՝ ի թիվս իր շրջակա հարևան տարածքների, խաղողի ընտելացման, մշակման, գինու արտադրության հնագույն օջախներից մեկն է կամ օջախն է։ Դրանում կասկած չունենաք, հիմա դա մենք հայտարարում ենք փաստի մակարդակով»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Նա և Արենիում պեղումներ կատարած արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը լրագրողներին ներկայացրեցին մի քանի ուշագրավ տեղեկություններ աշխարհին զարմացրած վերջին հայտնագործության մասին։

Եվ այսպես, արշավախումբն այսօր հաստատված և ապացուցված է համարում, որ իրենց հայտնաբերածն աշխարհի ամենահին գինեգործարանն է։ Այս պահին մասնագետներն սպասում են հնավայրից գտնված օրգանական մնացորդների և առանձին նյութերի անալիզների պատասխաններին, որոնք թույլ կտան այլ տվյալներ նույնպես ստանալ։ Մասնավորապես, խումբը փորձաքննության է ուղարկել հնավայրից գտնված խաղողի սերմերը։

«Իսկապես, բավական կարևոր է խաղողի ԴՆԹ վերլուծությունը, որովհետև վայրի խաղողից արտադրական գինի ստանալ հնարավոր չէ, խաղողը պետք է անպայման ընտելացված լինի, ինչն արդեն ենթադրում է, որ գործ ունենք բավական զարգացած հասարակության հետ, որը բավական փորձ ունի խաղող հավաքելու, աճեցնելու հետ։ Այսինքն, դա նշանակում է, որ գինու արտադրության ամբողջ ցիկլը զարգացրած հասարակության հետ գործ ունենք»,– հայտարարեց արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն ՝ավելացնելով, որ իրենք այժմ սպասում են Կոպպենհագենում անցկացված անալիզի պատասխաններին՝ չնայած արդեն համարում են, որ իրենց հայտնաբերածն ընտելացված խաղող է եղել։

Խաղողի ԴՆԹ անալիզներից պարզ կդառնա նաև, թե ինչ գինի են խմել մեր նախնիները։ «Եթե մենք պարզենք, որ այն Արենի սորտը, որը մենք այսօր ունենք կամ որևէ խաղողի այլ տեսակ, որ Հայաստանում կամ շրջակայքում աճում է, անմիջական ժառանգն է, դուստրն է այն խաղողի, որը մենք արձանագրել ենք Արենիում, դա թույլ կտա մեզ խոսել ևս մեկ այդպիսի շատ ավելի տպավորիչ և սենսացիոն արդյունքի մասին»,– հայտարարեց Պավել Ավետիսյանը։

«Արենիում սպասեք բազմաթիվ նման սենսացիոն արդյունքների, որոնք զարմացնում են մարդուն և արժանի են լայն տարածման»,– հայտարարեցին մասնագետներն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհի ամենահին կոշիկը ևս հայտնաբերվել է Արենիում։ Ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ Արենիից իրենք գտել են նոր նյութեր՝ կապված հագուստի մանրամասների հետ, որոնց ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են։

Արենիում աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերումը, մասնագետների համոզմամբ, ունի 3 հեռանկարային զարգացման գերխնդիր։ Առաջին գերխնդիրն, ըստ նրանց, հուշարձանի ուսումնասիրության անհրաժեշտությունն է՝ ժամանակակից գիտության ամենավերջին պահանջներին համապատասխան՝ աշխարհի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Երկրորդ խնդիրն այն է, որ, ըստ Ավետիսյանի, հայտնագործությունը Հայաստանին ներկայանալու ևս մեկ բրենդ է տալիս։

«Եթե Հայաստանի գինեգործը կարողանա սա ճիշտ օգտագործել, ապա նա միջազգային շուկայում կարող է ավելի լավ տեղ գրավել։ Այսինքն, հնագիտությունն ինչ–որ չափով նպաստեց, որ հայ գինեգործն ունենա բրենդներից մեկը»,– հայտարարեց ինստիտուտի տնօրենը։

Նրա երրորդ դիտարկումն այն, է, որ Արենիի գինեգործարանն էկզոտիկ հնավայր է և պետք է դառնա զբոսաշրջության վայր։ Ի դեպ, մասնագետները մտածում են Արենիում թանգարան հիմնելու մասին։

 

 

Արենիից նոր սենսացիաներ սպասեք. պեղումներ կատարած արշավախումբ (լուսանկարներ)