Խնձորները հաղթել են որոնողներին. կազմվել է մեդիաբրենդների վարկանիշ

09:21 • 27.01.11

Ամերիկյան General Sentiment-ը կազմել է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում ամենաշատ հիշատակված բրենդների վարկանիշը` Q4 2010 Global Top 20 Media Value Report: Այն գլխավորում է ամերիկյան Apple-ը, նրան հաջորդում է Google ինտերնետ հսկան, իսկ երրորդ հորիզոնականում Microsoft-ն է:

Վարկանիշը կազմելիս General Sentiment-ը հիմք է ընդունել զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տվյալ բրենդի հիշատակումը (և՛ բացասական, և՛ դրական), ապա իրականացրել է դրանց վերլուծությունը: Այն հաշվարկել է, թե տվյալ հիշատակումներն ինչ կարժենային, եթե պատվիրված լինեին որևէ գործակալության: Այդպիսով` յուրաքանչյուր բրենդ ձևավորում է իր յուրատեսակ «մեդիակապիտալիզացիան»:

Ըստ General Sentiment-ի` 2010թ. 4-րդ եռամսյակում Apple-ի «մեդիակապիտալիզացիան» կազմել է $941 մլն, Google-ինը` $876 մլն, իսկ Microsoft-ինը` $703 մլն: Ընդ որում` Apple-ի և Google-ի այս ցուցանիշները 2010թ. 3-րդ եռամսյակի համեմատ նվազել են, իսկ Microsoft-ինը` աճել:

Հատկանշական է, որ Google-ը Apple-ին գերազանցել է զանգվածային լրատվամիջոցներում հիշատակումներով, սակայն զիջել է Twitter-ում և սոցիալական մյուս ցանցերում նույն ցուցանիշներով:

Նշենք, որ վարկանիշում առաջատար եռյակին հաջորդում է ամերիկյան Yahoo-ն ($494 մլն), իսկ հինգերորդ տեղը զբաղեցնում է ամերիկյան Ford-ը ($200 մլն):

Ի դեպ` վարկանիշում ընդգրկվելու համար անհրաժեշտ է առնվազն 73 մլն հիշատակում:

Ուշագրավ է, որ General Sentiment-ի ցուցակում չեն ընդգրկվել այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Pepsi-ն և McDonald՚s-ը: Հատկանշական է, որ վարկանիշում ընդգրկված միակ զանգվածային լրատվամիջոցը Thompson Reuters գործակալությունն է, որը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Նշենք, որ վարկանիշում ընդգրկված են հիմնականում ամերիկյան ընկերություններ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ General Sentiment-ը հիմնականում վերլուծել է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալները:
 

Խնձորները հաղթել են որոնողներին. կազմվել է մեդիաբրենդների վարկանիշ