Հայաստանում ավելացել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը

14:33 • 27.01.11

«Աշխարհում ամեն չորրորդը հիվանդ է շաքարային դիաբետով: 10-15 տարվա ընթացքում այդ թիվը կհասնի 30 տոկոսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը՝ նշելով, որ Հայաստանում նույնպես ավելացել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը:

«Երևան» բժշկական կենտրոնում ավելացել են շաքարային դիաբետի հետևանքով ոտքի կամ մարմնի այլ մասի հեռացման դեպքերը. 2007 թվականին գրանցվել է 70 դեպք, 2010-ին՝ 130:

«Շաքարային դիաբետը բավականին լուրջ հիվանդություն է: Հաճախ արտասահմանում այն անվանում են ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ: Սակայն այն պարզապես սխալ ապրելակերպի հետևանք է: Սխալ սնունդ, աշխատանքաին գրաֆիկ, նստակյաց կյանք, որը բերում է ճարպակալման ու որպես հետևանք նաև` դիաբետի»,- ասաց բանախոսը:

Բամինե Բաղրամյանի կարծիքով՝ ավելի ճիշտ է օգտակար սնունդ օգտագործել, ակտիվ կյանքով ապրել, պարբերաբար բժշկական ստուգման ենթարկվել՝ հիվանդությունից խուսափելու համար:

Շաքարային դիաբետի հետևանքով կարող են շարքից դուրս գալ արյունատար անոթները, առաջանում է նյութափոխանակության խնդիր, թթվածնային քաղց, որից տուժում են բոլոր օրգանները, կարող է առաջանալ փտախտ:

 

 

Հայաստանում ավելացել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը