Հաքերը ջարդել է Ցուկերբերգի անձնական էջը Facebook–ում

09:07 • 27.01.11

Չորեքշաբթի գիշերը հաքերը ջարդել է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական էջը և այնտեղ տեղադրել չկապակցված հաղորդագրություն՝ ստորագրված #hackercup2011։

«Իսկ ինչու՞ Facebook–ը չվերածել սոցիալական գործի, ինչպես այդ մասին գրել է Նոբելյան մրցանակակիր Մոհամմեդ Յունուսը»,– սա հաքերի հաղորդագրության ամենահասկանալի առաջարկն է։

Հաղորդագրության տակ եղել է ավելի քան 500 մեկնաբանություն, իսկ «հավանում եմ» կոճակը սեղմել է մոտ 2000 օգտատեր։

«Facebook–ի հայտնի կամ ոչ այնքան հայտնի օգտատերերը պետք է հոգ տանեն սոցիալական ցանցերում սեփական տվյալների պաշտպանության համար»,– ասել է Գրեմ Կուլին՝ Sophos ընկերության ավագ տեխնիկական խորհրդականը։ «Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա անուշադիր է եղել գաղտնաբառն ընտրելիս, թե նստած է եղել Starbucks–ում և sidejacked ստացել (ուրիշի համակարգիչ մտնելու միջոց, որով կարելի է մատչում ունենալ օգտատերերի գաղտնաբառերին), բայց այնուամենայնիվ դեպքը տեղի է ունեցել»։

Որոշ ժամանակ Մարկ Ցուկերբերգի էջն անհասանելի է եղել, բայց այժմ հաքերի հաղորդագրությունը ջնջվել է. վերջին գրառումը թվագրվում է 2010թ.–ի դեկտեմբերի կեսերին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը։