Սեքսապաթոլոգները կանանց և տղամարդկանց խորհուրդ են տալիս նեղ տաբատ չհագնել

14:03 • 28.01.11

Հայաստանում տարեցտարի սեռավարակները մեծ տարածում են գտնում։ Ընդ որում, դրանք տարածված են հիմնականում վերարատադրողական տարիքի անձանց մոտ, ինչն անհանգստացնում է մասնագետներին։ Հայաստանում մեծ տարածում ունեն դասական 5 տեսակի սեռավարակներից հատկապես երկուսը՝ սիֆիլիսն ու գոնորեան։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։ Ըստ նրանց՝ հայ երիտասարդներն այսօր ավելի վաղ տարիքում են առաջին սեռական հարաբերությունն ունենում, չնայած, որ սեռական կյանքի մասին տարրական գիտելիքներ անգամ չունեն։ Հետևաբար, մասնագետները կաևորում են, եթե ոչ դպրոցներում, ապա գոնե բուհերի առաջին կուրսերի ուսումնական ծրագրում սեռական դաստիարակության առարկան ներառելու հարցը։

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայ երիտասարդների 90 տոկոսն ընտանիքում սեռական դաստիարակություն չի ստանում. հիմնական տեղեկատվությունը նրանք ստանում են փողոցից ու ինտերնետից, ինչը ոչ միշտ է օգտակար։ Տեղեկացվածության պակասն, ըստ մասնագետների, նաև հայկական մտածելակերպի արդյունք է։
«Գնալով սեռավարակներն սկսում են շուրջպար կազմել մեր հասարակությունում, սական մարդիկ տեղեկացված չեն՝ դրանք բուժելու համար ում դիմել, ոնց դիմել, երբ դիմել։ Հաճախ տեսնում ենք, որ սեռական այս կան այն խանգարումով մարդիկ դիմել են տարբեր կլինիկաներ, սակայն սխալ բուժում են ստացել։ Նրանք այլևս չեն ցանկանում շարունակել բուժումը, կորցնում են հույսը»,- նշեց Վրեժ Շահրամանյանը։

Սեռավարակների տարածման առումով ռիսկային խումբ են համարվում, այսպես կոչված, վճարովի սեռական ծառայություն մատուցող անձինք (և կանայք, և տղամարդիկ), արտագնա աշխատանքի մեկնող և վերադարձող տղամարդիկ, ինչպես նաև զուգընկերներին հաճախ փոխող անձինք։ Սեքսապաթոլոգի խոսքով՝ հայ երիտասարդներն այսօր չեն օգտվում պահպանակներից, քանի որ նաև ամաչում են դեղատներից դրանք ձեռք բերելուց։ Այնինչ, եվրոպական երկրներում պահպանակներ կարելի է ձեռք բերել փողոցներում տեղադրված հատուկ սարքավորումների միջոցով։

Հայաստանում մեծ տարածում ունեն նաև այն սեռավարակները, որոնք թույլ արտահայտված են, և վարակված մարդը չի իմանում դրանց գոյության մասին։

Ի դեպ, մասնագետները կանանց և տղամարդկանց խորհուրդ են տալիս նեղ տաբատներ չհագնել, քանի որ դրանք սեռական օրգանների բորբոքումներ են առաջացնում։ Այսօր ամուսնական զույգերի մոտ հաճախ հանդիպող անպտղության պատճառներն, ըստ մասնագետների, տղամարդիկ չպետք է միայն կնոջ մեջ փնտրեն. մեղքի բեռի 50 տոկոսը տղամարդիկ են կրում։

«Երեխաների սեռերի հարցում պատասխանատու են միայն տղամարդիկ։ Այնինչ նրանք տեղեկացված չեն այդ մասին։ Պետք չէ աղջիկ երեխա ունեցող կնոջն ասել՝ մեր ցեղում նման բան չկա»,- տղամարդկանց կոչ արեց Շահրամանյանը։

Սեքսապաթոլոգները կանանց և տղամարդկանց խորհուրդ են տալիս նեղ տաբատ չհագնել