Ջորջ Մայքլը կարող է ընդմիշտ կորցնել ձայնը
Հանրահայտ բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը կարող է ընդմիշտ կորցնել ձայնը:Այս մասին հայտարարել է նրա վիրաբույժ Գերիթ Վոլտը, ով երգչին տրախեոտոմիայի է ենթարկել (այն կատարվում է շնչառության արտահայտված ընկճման դեպքում):
Ավստրիացի բժիշկը միևնույն ժամանակ նշել է, որ երգչի վոկալային տվյալների դանդաղ վերականգնման հավանականություն ևս կա: «Ամենավատ սցենարն այն կլինի, որ թոքերի արհեստական օդափոխության հետևանքով վնասված լինեն ձայնալարերը: Դա կբերի նրան, որ երգչի ձայնը կդառնա խռպոտ»,- ասել է վիրաբույժը:
Ինչպես գրում է The Daily Star թերթը, վիրահատությունից հետո նրան անհրաժեշտ է երկար վերականգնողական շրջան անցնել:
Ավստրիական հիվանդանոցում շաբաթներ անցկացրած 48-ամյա երգիչը հայտարարել է, որ ավստրիացի բժիշկներն ուղղակի փրկել են իր կյանքը: Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը նոյեմբերին Վիենայում հիվանդացել էր թոքաբորբով, որի պատճառով ստիպված է եղել հետաձգել բոլոր համերգները:










