Դեմիդովում բացվել է Յուրի Նիկուլինի տուն-թանգարանը

15:13 • 26.12.11

ՌԴ Սմոլենսկի շրջանի Դեմիդով քաղաքում բացվել է Յուրի Նիկուլինի տուն-թանգարանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախատեսված էր, որ թանգարանը կսկսի աշխատել դեկտեմբերի 18-ից`կրկեսի և կինոյի մեծանուն դերասանի ծննդյան 90-ամյակի օրը, սակայն աշխատանքները չի հաջողվել ավարտին հասցնել նախատեսված ժամկետում:

Թանգարանի հիմնադիր Նատալյա Ժոլնորովան գործակալության հետ զրույցում ասել է, որ նախ գնվել է այն տունը, որտեղ ապրել է Նիկուլինների ընտանիքը նախորդ դարի 20-ական թվականներին, այնուհետև, քանի որ տունը եղել է անմխիթար վիճակում, ամբողջովին կառուցվել:

Նրա խոսքով`թանգարանի կառուցման աշխատանքները բավականին դանդաղ են ընթացել ֆինանսավորման սղության պատճառով: Թանգարանի ստեղծման համար ներդրվել է մոտ 5 մլն ռուբլի, սակայն, ինչպես հիմնադիրն է նշել, իշխանությունների կողմից աջակցություն չի եղել:

Դեմիդովում կանգնեցված է նաև մեծ դերասանի արձանը: