Ձեռքներդ լի ու աջ ոտքով մտեք մարդկանց Ամանորը շնորհավորելու. Ազգագրագետ
«Եթե պատմական, մաշկութային կապը չի պահպանվում անցյալի հետ` հասարակությունը վերածվում է սոցիալական խմբի: Այդ պատճառով կարևոր է մշակութային անցյալի ու ներկայի միջև գիծ տանելը»,- այսօր, անդրադառնալով Ամանորի նախկինում և այսօր տոնելու ձևերին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետը նաև մատնանշեց Ամանորը տոնելու մշակույթի փոփոխության պատճառները. «Մեր պատմական, մշակութային անցյալի ու ներկայի միջև էվոլուցիոն զարգացման շղթան ընդհատվել է ցեղասպանության հետևանքով, իսկ ովքեր ողջ մնացին` զրկվեցին նախկին համակեցությունից, հաստատվեցին այլ մշակութային իրավիճակներում և պետք է նրանց ներկա կյանքն այլ դրսևորում ստանար»:
Ըստ նրա՝ այսօր հայ հասարակությունը հետաքրքրված է անցյալում տոնի նշման ձևերով, որի համար ազգագրագետները ուսումնասիրությունների հիման վրա գրքեր են հրապարակում, որտեղից կարելի է ծանոթանալ տոնելու ձևերին և վերցնել այն, ինչը կցականա: Հրանուշ Խառատյանի հավաստմամբ` մի որոշ ժամանակ Ամանորը տոնվել է նոյեմբերին և Մեծ պասից նոյեմբեր ընկած հատվածում հարսանիքներ չէին անցկացվում, այլ սպասում էին նոյեմբերին` այն համարելով նոր կյանքի և նոր տարվա սկիզբ:
«Եթե այսօր ավանդականը մեխանիկորեն բերենք մեր կյանք` հակասության մեջ կմտնի ասօրվա պատկերացմուների հետ` բախվելով այլ մշակութային արժեքների հետ: Փորձում ենք գտնել այն օպտիմալ ձևերը, որոնցով հնարավոր կլինի հետ բերել հին արժեքեները»,- նշեց Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ մեր հիմնական տոնացույցը ձևավորվել է Սահակ Պարթևի կողմից, երբ Նոր տարվա օր համարվեց Քրիստոսի ծննդյան օրը` որպես պաշտոնական Նոր տարի:
Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին, ապա, ազգագրագետի խոսքով, այն հագեցած է եղել հացահատիկային կուլտուրաներով, բայց ոչ մսեղենով։ «Նախկինում ամանորյա սեղանին իր ուրույն տեղն են ունեցել հատիկավոր և պատիճավոր մթերքները, որոնք խորհրդանշել են մեռնող և հարություն առնող կյանքն ու բնությունը: Նախկինում մեծ տեղ է հատկացվել զարդանախշերին` արև, լուսին, աստղեր, իսկ այսօր այդ նախշերին կարելի է ավելացնել նորերը»,– հայտարարեց Խառատյանը։
Ազգագրագետը խորհուրդ տվեց Ամանորը շնորհավորել մեղրով, որը տարին քաղցր անցկացնելու խորհուրդն ունի: Իսկ շնորհավորելու տուն մտնել աջ ոտքով, ձեռքը լի մտնել, բոլորին շնորհավորել, նոր տարվա նորոգված ծիսական ջուր խմել, հացահատիկներ շաղ տալ այգում, արտերում` բնությունից հետ ստանալու ակնկալիքով:










