Հանդիսատեսի և թատրոնի միջև շփումը շատ քիչ է. Ազատ Գասպարյան

12:17 • 28.12.11

«Ընթացիկ տարում կային և հաջողություններ, և ձախողումներ: Ինչևէ տպագրվեցին շատ գրքեր, որոնց մեծ մասը մրցանակներ ստացան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Նրա խոսքով`եղան ավանդական միջոցառումներՙՙՙՙՙ գրքի օր, գրականության օր, թարգմանչաց օր, ինչպես նաև անցկացվեցին գրականագիտական համաժողովներ նաև երիտասարդ գրողների մասնակցությամբ: Առաջիկա անելիքներից ամենակարևորը, Լևոն Անանյանի խոսքով, «2012թ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման պատշաճ կազմակերպումն է:

Լևոն Անանայանը նշեց, որ Հովհաննես Գրիգորյանը դարձել է տարվա լավագույն բանաստեղծ: «Հովհաննեսը հիմա Իսրայելում բուժում է ստանում, և նրան աջակցելու համար և նախագահը, և օլիգարխները, և հանրությունը, և պետությունը և մտավորականությունը համախմբվեցին: Դա մի աննախադեպ երևույթ էր»,- ասաց Լևոն Անանյանը: Ի դեպ, հենց ասուլիսից նա հեռախոսազրույց ունեցավ Հովհաննես Գրիգորյանի հետ՝ մաղթելով իր գրքի խորագրի պես ապրել և երբեք չմեռնել:

«Մենք մշակութային առումով բաց դռների քաղաքականություն ենք վարում և կարողանում ենք մեր արժեքները ներկայացնել աշխարհին։ Կուզենայի, որ մեր մտավորականները համախմբված լինեին և կարողանային օբյեկտիվորեն գնահատել իրենց կողքին ստեղծվող արժեքները»,- նշեց Լևոն Անանյանը:

Ասուլիսին ներկա դերասան Ազատ Գասպարյանն ասաց, որ հոգեմաքրազարդման անհրաժեշտություն կա, քանի որ շատ քիչ է շփումը հանդիսատեսի և թատրոնի միջև, թատրոնները ակտիվ չեն:

«Խորհրդային անաստվածային երկրում արվեստը այդքան առաջ էր մղվել, իսկ ներկայիս աստվածային Հայաստանում այդքան հետ է մղվել, դա ճիշտ չէ»,- ասաց Ազատ Գասպարյանը: