Շատերի համար այս ֆիլմը իսկապես դեբյուտ կլինի. «32 production»-ի գլխավոր պրոդյուսեր

15:06 • 05.01.12

«32 production»-ը և «Գոյակ» մշակութային կենտրոնը համատեղ նոր գեղարվեստական ֆիլմ են նկարահանել` նվիրված հայոց բանակի 20-ամյակին: Ֆիլմը կոչվում է «Ես եմ»։
«Ֆիլմի գաղափարը Պաշտպանության նախարարության կողմից է եկել, իսկ «32 production»-ը փորձել է այն կյանքի կոչել>,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «32 production»–ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Նա նշեց, որ ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Հայաստանի հյուսիս-արևելյան մասում գտնվող զորամասերից մեկում: 1 ժամ 50 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել է նաև հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
«Ֆիլմում նկարահանված դերասանները մեծամասամբ երիտասարդ են, որոնք միևնույն ժամանակ մանսագիտական կրթությամբ շնորհալի դերասաններ են, այնպես որ շատերի համար այս ֆիլմը իսկապես դեբյուտ կլինի»,- ասաց Կարեն Բաբաջանյանը:
Նրա խոսքով` կա մտադրություն ֆիլմը ցուցադրել զորամասերում, սակայն ամեն ինչ կհստակեցվի ֆիլմի պրեմիերայից հետո, որը կկայանա հունվարի 7-ին, ժամը 20:00-ին` Մոսկվա կինոթատրոնում: Կարեն Բաբաջանյանը նշեց նաև, որ ֆիլմը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, սակայն եթե այն կոմերցիոն առումով պահանջարկ ունենա, դա միայն կուրախացնի ֆիլմը ստեղծողներին: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Կարեն Բաբաջանյանը և Վահագն Գրիգորյանը: