Հոգեհանգստյան արարողություն Օհան Դուրյանի շիրիմի մոտ

13:27 • 07.01.12

Երեկ` հունվարի 6-ին լրացավ անվանի երաժիշտ, դիրիժոր Օհան Դուրյանի մահվան մեկ տարին: Այսօր ժամը 15.00-ին մաեստրոյի մահվան մեկ տարվա կապակցությամբ` Կոմիտասի անվան պանթեոնում` Օհան Դուրյանի շիրիմի մոտ, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:
Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում: Այստեղ նա ուսանել է կոմպոզիցա և խմբավարություն: Երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա, որտեղ և զարմացրել է իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։ Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Հետագայում մեկնել է Եվրոպա։ 1962-1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։
1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։ Ավելի ուշ Հայաստանում միացավ 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։
Հիշեցնենք, որ Օհան Դուրյանը մահացավ 2011թ-ի հունվարի 6-ին 88 տարեկան հասակում: