Հունական ամենախոշոր պատկերասրահից գողացել են Պիկասոյի և Մոնդրիանի նկարները

20:52 • 09.01.12

Հանցագործներն այսօր Աթենքի պատկերասրահից երեք նկար են գողացել, այդ թվում` Պիկասոյի և Մոնդրիանի 2 բարձրարժեք աշխատանք: Նման տեղեկատվություն է տարածել հունական ոստիկանությունը` հանցագործության վայրը զննելուց հետո:

Իրավապահ մարմինների տվյալներով` մեկ կամ մի քանի հանցագործներ անջատել են ձայնաազդանշանային համակարգը, բացել են մետաղական դուռը և ներխուժելով շենք` գողացել 3 նկար: Գողացված է Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը նկարվել է 1939 թվականին, իսկ 1949-ին նկարիչն անձամբ այն հանձնել էր պատկերասրահին, որպես նվեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի օրերին` նացիստական օկուպացիայի ժամանակ, խիզախ մարտնչող Հույն ժողովրդին: «Կնոջ գլուխը» կտավը, աթենքյան պատկերասրահի հավաքածուի մեջ, Պիկասոյի միակ գործն է:

Մյուս գողացված կտավը ստեղծվել է 1905 թվականին, պատկանում է նիդերլանդացի նկարիչ Պիտեր Կորնելիսի (Պիտ)` Մոնդրիանի վրձնին, որի վրա պատկերված է ջրաղացը գետի ափին:

Նաև անհետացել է իտալացի նկարիչ Գույելմո Կաչչի (Մոնկալվո) ավետարանական թեմայով նկարը, որը պատկերասրահը նվեր էր ստացել 1907 թվականին:

Ոստիկանությունը նշում է, որ գողության ժամանակ գործել է սրահի շարժման սենսորը, որի ազդանշանը սենյակ է բերել հսկիչի, նա նկատելով գողին սկսել է հետապնդել նրան: Փախուստի ժամանակ հանցագործը սրահում է թողել Մոնդրիանի ևս մեկ կտավ, որը գյուղացիական տնտեսություն է ներկայացնում: Պատկերասրահում գողը գտնվել է մոտ 7 րոպե: