Մի Էթիկայի հանձնաժողով էլ՝ ԱԺ-ի համար
Մինչ օրերս նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կազմավորվեց և իր անդրանիկ նիստը գումարեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հեղինե Բիշարյանի համահեղինակությամբ, հունվարի 10-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով, փաստորեն, նմանօրինակ մի հանձնաժողով էլ նախատեսվում է ստեղծել ԱԺ պատգամավորների համար: Tert.am-ին Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այս պահին սպասում է կառավարության եզրակացությանը, որպեսզի այն ընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի հերթական նիստում: Ըստ օրինագծի` Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը տեղի է ունենում ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում` կազմավորվելով խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովը գործում է մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:
Նախագծի այս տեսքով հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև դրա նախագահին և նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են համապատասխան հոդվածով սահմանված առանձին սկզբունքներ: Յուրաքանչյուր խմբակցություն էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Նշենք նաև, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
Օրենսդրական նախաձեռնության հիմնական նորարարությունը այս կամ այն հարցի քննարկումից առաջ հնարավոր շահերի բախման մասին պատգամավորի կողմից հայտարարություն անելն է: «Շահերի բախում առաջանալու դեպքում նախատեսված է, որ պատգամավորը` օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կարգով պարտավոր է հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ և ներկայացնել դրանց բնույթը: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հրաժարվել քվեարկությանը մասնակցությունից , ինչը կհամարվի հարգելի բացակայություն։Պատգամավորի կամ իր հետ փոխկապակցված անձանց շահերի ծիրում է դիտվում իր և փոխկապակցված անձանց, նրանց գույքային կամ իրավական դրության, իրենց անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության, ինչպես նաև առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավումը:
Էթիկայի հանձնաժողովի իրավասության մեջ են Ազգային ժողովի պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի (ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին – Tert.am) պայմանները խախտելու վերաբերյալ, , ինչպես նաև օրենքով ամրագրված կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում ներ կայացնելը:
Էթիկայի հանձնաժողովը կարող է` ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ` (դատարանների, դատավորների և դատախազների), պահանջել նյութեր, Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ և ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները: Ի դեպ, Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնբաց:









