ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հունվարի 16–ին Երևան կժամանեն
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցողներ գերմանացի Աքսել Ֆիշերն ու բրիտանացի Ջոն Պրեսկոտը փաստահավաք այցով հունվարի 16-ին Հայաստան կժամանեն։
Ինչպես տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից, այցի ընթացքում, սպասվում է, որ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ինչպես նաև կուսակցությունների և արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ։
Հաղորդվում է, որ հանդիպումների ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու ԵԽԽՎ-ի կողմից 2011թ. ընդունված թիվ 1837 բանաձևի պահանջների կատարումը( բանաձևը վերաբերում է 2008թ. մարտմեկյան դեպքերի ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը և այլն), ինչպես նաև գալիք խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքները և մոնիտորինգի ընթացակարգի գերակա ոլորտները։









