Նախընտրական դաշինք կամ ճակատ կազմելու հարցերին կանդրադառնանք փետրվարյան համագումարում. Ս. Սաֆարյան
«Շատ են դեպքերը, երբ մեր հայտարարություններին և առաջարկություններին «Ազատ դեմոկրատները» դրական են արձագանքել, ինչը թույլ է տալիս ասելու, որ մենք կարող ենք ունենալ համագործակցության եզրեր»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգության» հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագործակցության մասին «Ազատ դեմոկրատների» անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկվա հայտարարությունները:
Ինչպես հայտնի է, Արզումանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Ժառանգության» հետ հնարավոր համագործակցությանը` նշելով, որ իրենց համագործակցության ձևերը պարզ կլինեն մոտ ժամանակներում: Մեր հարցին, թե որքանո՞վ է հնարավոր «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը խորհրդարանական ընտրություններից առաջ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե ընտրություններից առաջ դաշինքներ և ճակատներ կազմելու հարցին իրենք այսօր հստակ պատասխան չեն տա, քանի որ պատրաստվում են այդ հարցերին անդրադառնալ փետրվարին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում:
Սաֆարյանի խոսքով` իրենք սպասվող համագումարի ժամանակ` ընտրությունների նախաշեմին, առնվազն ներկայացնելու են իրենց մոտեցումներն ու համագործակցության հնարավորությունները: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների» հետ հնարավոր դաշինքին, Սաֆարյանն ասաց միայն, որ իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հացադուլից հետո, ինչպես հայտարարել էին նաև ավելի վաղ, իրենք կոնսուլտացիաների շարք են ունեցել տարբեր քաղաքական ուժերի և միավորների, այդ թվում` նշված կուսակցության հետ: Խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միանման են մտածում մի շարք հարցերում, ինչպիսիք են օրինակ իրենց ներկայացրած լյուստրացիայի, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու խնդիրները:









