Ռուսաստանյան ջավախահայերը պատրաստ են իրենց վրա վերցնել Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու վերականգման ծախսերը
Ռուսաստանյան ջավախահայերը պատրաստ են հոգալ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու վերականգման ծախսերը, եթե վրացական եկեղեցին իրավաբանորեն այն փոխանցի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին հաղորդում է «Երկրամաս» թերթը՝ հղում անելով «Ջավախքի Սփյուռք» հասարակական կազմակերպության տարածած հայտարարությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես անհանգստություն է հայտնվում, որ 19-րդ դարի վերջում Թբիլիսիում գործող 29 հայկական եկեղեցիներից այսօր գործում են միայն 2-ը: Այդ եկեղեցիներից 8-ը վրացականացվել են, ինչն ուղեկցել է հայկական խաչքարերի, մանրանկարների, գրերի ու այլ հայկական դետալների վերացմամբ:
«Ներկայում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը՝ իր հետևորդների հոգևոր պահանջմունքները բավարարելու համար պահանջում է վերադարձնել Թբիլիսիի հինգ և Սամցխե-Ջավախքի ծայրամասում գործող մեկ հայկական եկեղեցիները, որոնց պատկանելիությունը վրացական կողմը միտումնավոր դնում է կասկածի տակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազամկերպությունն այնուհետև իր հաղորդագրության մեջ հաստատաում է Թբիլիսիի կենտրոնում կառուցված Սուրբ Նշան եկեղեցու հայկական լինելու փաստը, որի շինարարությունը սկսել է 1701 թվականին Ամիր Բեբությանի և նրա որդի Ասլամազի նախաձեռնությամբ:
«2002 թվականին հայկական Սուրբ Նշան եկեղեցին «պատահաբար» այրվեց: Այդ ժամանակ պետական իշխանությունները նույնիսկ չփորձեցին պարզել հրդեհի պատճառը և ահա կրկին հրդեհ է բռնկվել: Այս անգամ այն Ծնննդյան տոների «նվեր» էր հայերի համար, որը բռնկվել է հունվարի 9-ի գիշերը, իսկ կրակի մարման աշխատանքները կատարվել են այնպիսի վարպետությամբ, որ ամբողջությամբ փլուզվել է շինության հյուսիս-արևելյան կողմը: Իսկ փլուզման շարունակությունը անխուսափելի է: Ցավոք, Վրաստանի ներկա վերածննդի շրջանում այս «վիճելի» եկեղեցիները շարունակում են մնալ խղճուկ վիճակում»,- իրենց գրավոր հայտարարության մեջ նշում են ՀԿ ներկայացուցիչները:
Ելնելով նման իրավիճակից ռուսաստանյան ջավախահայերն առաջ են քաշել մի քանի պահանջներ, այն է` հարուցել քրեական գործ` գտնելու մեղավորներին և հասցրված վնասի չափով ենթարկել նրանց պատասխանատվութայն: Կատարել միջազգային հնարության կողմից ստանձնած պարտավորությունները ազգային փոքրամասնությունների նկատամամբ:
Այս բոլոր պարտավորություններից բացի ջավախահայերը նաև պահանջում են Սուրբ Նշան եկեղեցին փոխանցել Վիրահայոց թեմին, որից արդեն իրենք իրենք կստանձնեն եկեղեցու վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական ծախսերը:
Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին հրդեհ էր բռնկվել Սուրբ Նշան եկեղեցում, ինչի հետևանքով առանց այն էլ խարխուլ եկեղեցու մի մասը կրկին փլուզվել էր։ Խնդրի կապակցությամբ վրացական իշխանություններին ուղղված կոչով է հանդես եկել նաև Մայր Աթոռը։










