Չելյաբինսկում ավազակախումբ է բացահայտվել. անդամների թվում առնվազն մեկ հայ կա

12:15 • 13.01.12

Ռուսաստանում բեռնատար ավտոմեքենաների և տաքսու վարորդներին տարիներ շարունակ ահուսարսափի մեջ պահած ավազակախումբ է ձերբակալվել։

Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատավամիջոցներից, ավազակախմբի անդամների թվում նաև մեկ հայ կա։

Հաղորդվում է, որ հանցագործներն իրենց «գործունեությունը» Չելյաբինսկի մարզում են ծավելել. հենց մայրուղու վրա բեռնատար ավտոմեքենաներ են կանգնեցրել և, զենքի սպառնալիքի տակ, գողացել նրանց ավտոմեքենան, մեքենայում եղած բեռը։ Իսկ այն վարորդները, որոնք չէին ենթարկվել ավազակախմբի անդամների պահանջին, հանցագործները տեղում սպանել էին, մարմինները թաղել անտառում։

Chelyabinsk.ru կայքը հաղորդում է, որ ավազակախմբի  անդամներն առնվազն 5 վարորդի սպանության մեջ են կասկածվում։ Վարորդների մարմինները հայտնաբերվել են, իսկ ոստիկաններն արդեն ձերբակալել են ավազակախմբի 4–րդ անդամին։ Ձերբակալվածներն այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս։

«Ձերբակալվածները մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են ունեցել, որոնք առգրավվել են։ Այս պահին քննչական մարմիններն օպերատիվ աշխատակիցների հետ մեկտեղ ստուգումներ են անցկացնում՝ պարզելու համար ձերբակալվածների մեղսակցությունն առանձնապես ծանր այլ հանցագործություններին»,–ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը։

Ձերբակալված 4 անձինք հենց Չելյաբինսկի մարզում են բնակվել. նրանցից մեկը տեղի բնակիչ է, երկուսը՝ Բաշկիրիայի Հանրապետության քաղաքացի, ևս մեկն էլ ազգությամբ հայ է։

Աշխատանքներ են տարվում ավազակախմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։