Հայաստանն ու Բելառուսը ստորագրել են 2012-13թթ. համագործակցության ծրագիրը
Հայաստանի և Բելառուսի Ազգային անվտանգության խորհուրդներն ստորագրել են 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը:
Ըստ ԱԱԽ հաղորդագրության՝ փաստաթուղթն ստորագրվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ Բելառուս կատարած այցի շրջանակներում իր բելառուս պաշտոնակից Լեոնիդ Մալցևի հետ հանդիպմանը։
Կողմերը նաև քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Այնուհետև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույնը։
Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը կլինի առավելապես արդյունավետ հայ-բելառուսական երկկողմ համաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման առումով:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առկա մակարդակի կապակցությամբ։
Ալեքսանդր Լուկոշենկոն նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ, քանի որ բավականին մեծ է երկու երկրների առկա ներուժը:
Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել Բելառուսի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հայկական կողմի ներկայացրած՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև կապերի հետագա խորացմանն ուղղված առաջարկների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հայկական կողմի հետ քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ:
Հայաստանյան պատվիրակությունն այնուհետև հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ և քննարկել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր։









